Հայաստանում 23 հազ-ով ավելացել է ծայրահեղ աղքատների թիվը

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ 2011թ. ընթացքում մոտ 22 հազ. աղքատ Հայաստանում «հարստացել» է, 23 հազ-ը՝ է՛լ ավելի աղքատացել։ Մեկ տարվա ընթացքում երկրում խորացել է բնակչության սոցիալական բևեռացումը։

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2011թ. Հայաստանում մոտ 120 հազ. մարդ եղել է ծայրահեղ աղքատ, այսինքն՝ ամսական եկամուտը չի գերազանցել Դ21,3 հազ-ը։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանում 23 հազ-ով ավելացել է թերսնվողների թիվը. նրանք սպառման համար ամսական ծախսում են միջինը Դ18,6 հազ.։ Ըստ ԱՎԾ-ի՝ աղքատության գիծը անցած տարի եղել է Դ21,3 հազ., այն դեպքում, երբ Հայաստանում պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է Դ23,6 հազ., նվազագույն սպառողական զամբյուղինը՝ Դ41,8 հազ.։

ԱՎԾ տվյալներով՝ անցած տարի մշտական բնակչության ցուցանիշի հաշվով Հայաստանում աղքատ է եղել մոտ 1,1 մլն մարդ կամ բնակչության ավելի քան 1/3-ը։ ԱՎԾ-ի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2011» հրապարակման համաձայն՝ 2011թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 35%. շատ աղքատ է եղել բնակչության 19,9%-ը, ծայրահեղ աղքատ՝ 3,7%-ը։ 2011թ., նախորդող տարվա համեմատ, աղքատների թվաքանակը նվազել է մոտ 22 հազ-ով, շատ աղքատներինը՝ 43 հազ-ով, ծայրահեղ աղքատների թվաքանակը, ընդհակառակը, աճել է 23 հազ-ով։

Չնայած 2011թ. 2010թ. նկատմամբ, աղքատության մակարդակը նվազել է 0,8-տոկոսային կետով, թե´ աղքատության մակարդակը, թե´ դրա խորությունն ու սրությունը շարունակել են գերազանցել 2008թ. ցուցանիշը (աղքատության մակարդակը՝ 27,6%)։ 2009-2011 թթ., 2008թ. համեմատ, մոտ 250 հազ. մարդ դարձել է աղքատ, մոտ 240 հազ-ը՝ շատ աղքատ (ընդհանուր թվաքանակը՝ 650 հազ.): Այս ընթացքում մոտ 70 հազ-ը դարձել է ծայրահեղ աղքատ (թվաքանակը 2011թ.՝ մոտ 120 հազ.)։

Ըստ ԱՎԾ տվյալների՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է Դ111,5 մլրդ կամ ՀՆԱ-ի 3%-ի չափով գումար՝ ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացվող միջոցների։ Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի հավելյալ Դ3,9 մլրդ կամ ՀՆԱ-ի 0,1%-ը՝ սոցիալական աջակցության բարձր հասցեականության պայմաններում։

Վիճակագիրները թեև աղքատության նվազում են արձանագրել, մտահոգիչը ծայրահեղ աղքատության խորացումն է։ Եթե 2010թ. նախորդող տարվա համեմատ ծայրահեղ աղքատների թիվը կրճատվել էր 19 հազ-ով, ապա 2011թ. տեղի է ունեցել 23 հազ-ով աճ։ Անցած տարի Հայաստանում ծայրահեղ աղքատների թիվը 3 հազ-ով նույնիսկ գերազանցել է ճգնաժամային 2009թ. ցուցանիշը (ծայրահեղ աղքատների թիվը՝ 117 հազ.)։ Ստացվում է, որ ԱՎԾ-ի կողմից արձանագրվող տնտեսական աճը և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը անցած տարի շրջանցել է աղքատների մի ստվար զանգվածի։

Թեև անցած տարի 22 հազ-ով կրճատվել է աղքատների թիվը, թերսնվողների թիվն ավելացել է 23 հազ-ով. նրանք սպառման համար միջինը ծախսում են ամսական Դ18,6 հազ.։ Որպեսզի ծայրահեղ աղքատները դուրս գան այդ կարգավիճակից, նրանց ամսական եկամուտն անցած տարի մեկ շնչի հաշվով պետք է ավելանար Դ2,7 հազ-ով։ Աղքատների դեպքում եկամուտները պետք է ավելանային Դ8 հազ-ով՝ ամսական սպառման ծախսերը հասցնելով Դ36 հազ-ի՝ ֌28 հազ-ի դիմաց։

Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ 2011թ. Հայաստանում բնակչության սոցիալական բևեռացումը, ըստ եկամուտների ցուցանիշի, ավելի խորն է՝ սպառման ցուցանիշի համեմատ։ Ավելացել է սպառման անհավասարությունը (չափվում է Ջինիի գործակցով)՝ 2011թ. կազմելով 0,267, նախորդ տարվա 0,265-ի համեմատ։ 2008թ. Ջինիի գործակիցը 0,242 էր։ Անհավասարությունն ավելացել է նաև ըստ ամբողջական եկամուտների՝ 2011թ. կազմելով 0,371՝ 2010թ. 0,362-ի համեմատ։ 2008թ. ցուցանիշը 0,339 էր։

Ջինիի գործակիցը ցույց է տալիս հասարակության շերտավորման աստիճանը. որքան անհավասարաչափ են բաշխված եկամուտները, այնքան գործակիցը ձգտում է 1-ի։ Ստացվում է, որ անցած տարի Հայաստանում է՛լ ավելի է խորացել սոցիալական անհավասարությունը։

Մեկնաբանել