Երևանում քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումների հեռանկարները

Հայաստանում 2014-ից ներդրվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ։ Ղազախստանում և Էստոնիայում, որտեղ այն արդեն գործում է, ակնհայտ են խնդիրները։ Ղազախստանում, օրինակ, կենսաթոշակային գումարների եկամտաբերությունն ավելի ցածր է, քան գնաճը։ Էստոնիայում կառավարությունը երեք տարի համակարգին վճարումներ չի կատարել։ Բացի այդ՝ վնասով են աշխատել կենսաթոշակային հիմնադրամները։

Երեկ Երևանում կայացավ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի համատեղ «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով միջազգային երկրորդ գիտաժողովը։

Ներկայացնելով Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ հաշվի առնելով ժողովրդագրական ու արժանապատիվ կենսաթոշակի ապահովման խնդիրները՝ 2008թ. կառավարությունը հաստատել է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագիրը։ Վերջին երկու տարիներին ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որոնք ուղղված են եղել ապահովելու բարեփոխումների իրականացումը։ Ըստ Ասատրյանի՝ 2013թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի «Եկամտային հարկի»՝ մասին օրենքը, որն ամենակարևոր քայլերից է պարտադիր կուտակային համակարգին անցնելու ճանապարհին։ Անցումը միասնական հարկի թույլ կտա արդեն 2014-ից ներդնել կուտակային կենսաթոշակների բաղադրիչը։

Լրագրողների հարցին, թե կա արդյոք հետաքրքրություն կենսաթոշակների պարտադիր կուտակային ֆոնդեր գրանցելու հարցում, նախարարը պատասխանեց, որ արդեն մի քանի է, այդ թվում՝ օտարերկրյա ընկերության կողմից, հետաքրքրություն է ցուցաբերվել։
«Վաղը (նոյեմբերի 28-ին – Ա.Չ.) ակտիվների կառավարման ընկերություններից մեկը համաժողովին կներկայացնի նաև իրենց փորձը, ակտիվների կառավարման սխեմաները»,– ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ գալիք տարի կշարունակվեն քննարկումները և բանակցությունները ակտիվների կառավարմամբ զբաղվող ընկերությունների հետ, կսկսվի հիմնադրամների ձևավորումը։ 2014թ. հունվարի 1-ին համակարգը պատրաստ կլինի։

Հարցին, թե համակարգի գործունեության համար չկան արդյոք ռիսկեր, եթե հաշվի առնենք, որ, օրինակ, Էստոնիայում կառավարությունը երեք տարի չի կատարել պարտադրի կուտակային բաղադրիչին իր մասնաբաժնի վճարումները, Ասատրյանը պատասխանեց, որ ռիսկեր եղել են, կան և կլինեն, բայց ամենակարևորը ոչ թե դրանց լինել կամ չլինելն է, այլ կառավարման համակարգերի առկայությունը։ «Այդ առումով ռիսկերի կառավարման այն ծրագիրը, որ ձևավորված է, թույլ կտա ամբողջությամբ կիրարկել համակարգը»,– ասաց Ասատրյանը։

Ղազախ-էստոնական ճանապարհը
Ղազախստանի սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ Ալմաս Կուրմանովը լրագրողներին ասաց, որ երկրում պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է 1998-ին։ Բացի այդ՝ գործում է կամավոր կուտակային համակարգ, որն այդքան էլ մեծ պահանջարկ չունի։ Առկա է նաև այսպես կոչված «սերունդների համերաշխության» համակարգը։ Ըստ նրա՝ երկրում գործունեություն ծավալող բոլոր աշխատողները պարտադիր կուտակային համակարգին փոխանցում են եկամուտների 10%-ը։

Հարցին, թե ինչ խնդիրներ են ի հայտ եկել համակարգի գործարկումից հետո, Կուրմանովը պատասխանեց, որ հիմնական խնդիրը կենսաթոշակային ակտիվների ցածր եկամտաբերությունն է, որը զիջում է գնաճի ցուցանիշին։ Սա պայմանավորված է նրանով, որ Ղազախստանում արգելված է կենսաթոշակային միջոցների տեղաբաշխումը ռիսկային ակտիվներում, իսկ ցածր ռիսկային ակտիվների՝ արժեթղթերի եկամտաբերությունը փոքր է։ Ըստ նրա՝ Ղազախստանի կենսաթոշակային համակարգում պետությունը երաշխավորում է, որ կենսաթոշակի դուրս գալու պահին քաղաքացու եկամուտների գնողունակությունը լինի նույն մակարդակին, երբ նա սկսում էր կուտակել միջոցները։ Եթե ակտիվների կառավարիչները միջոցների ոչ ճիշտ կառավարման հետևանքով չկարողանան ապահովել այնպիսի եկամուտներ, որոնք կզրոյացնեն գնաճը, ապա պետությունը իր կողմից այդ չափով մասնակցություն կունենա։

«Համակարգը գործում է 14 տարի, և միայն 14 տարի հետո հնարավոր կլինի պարզել՝ որքանով են արդյունավետ կառավարվել այդ միջոցները։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում ակտիվների կառավարումից ստացվող եկամուտներն ամբողջովին զրոյացնեն գնաճը, և պետության կողմից ավելացումների անհրաժեշտություն չառաջանա»,– ասաց նա։

Պարտադիր կուտակային համակարգի միջոցով Ղազախստանում հնարավոր է եղել $20 մլրդ կուտակել։ Այդ միջոցները ճգնաժամային տարիներին անվտանգության բարձիկի դեր են խաղացել և ապահովել երկրի անկախությունը օտարերկրյա ներդրումներից։

Էստոնիայի սոցիալական ապահովության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լիիվի Եվարտսոնի խոսքով՝ երկրում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին քաղաքացին պարտադիր վճարում է իր աշխատավարձի 2%-ը, ևս 4% վճարում է պետությունը։ Ըստ նրա՝ իսկապես երեք տարի պետությունը չի կատարել իր մասնաբաժնի վճարումը, ինչը պայմանավորված է եղել համաշխարհային տնտեսական ճգնաժամով։ «Այս տարվանից պետությունն արդեն ամբողջովին կատարում է իր պարտավորությունները։ Այն, որ պետությունը ժամանակավորապես հրաժարվելու է իր մասնաբաժնի վճարումից, նախօրոք հայտարարվել էր, և դրա մասին բոլորը գիտեին։ Այդ քայլը, ըստ իս, չի նվազեցրել քաղաքացիների վստահությունը համակարգի նկատմամբ»,– ասաց Եվարտսոնը։

Հարցին, թե ինչ խնդիրներ են առաջացել համակարգի գործունեության ընթացքում, նա պատասխանեց, որ ճգնաժամի հետևանքով հիմնադրամներն աշխատել են վնասով, թեև այս տարի արդեն սկսել են ակտիվների կառավարումից եկամուտներ ունենալ։ Հաշվի առնելով, որ կուտակումները երկարաժամկետ են՝ գալիք տարիներին հիմնադրամները կկարողանան վերականգնել կրած վնասները։

Հայաստանում 2014թ. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պետք է անցնեն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատող քաղաքացիները։ Պարտադիր կուտակային վճարների չափը կազմելու է աշխատավարձի 10%-ը, որից 5%-ը վճարվելու է քաղաքացու կողմից, մյուս մասը վճարելու է պետությունը, բայց ոչ ավել, քան Դ25 հազ.։

Մեկնաբանել