Չինական առաջատար թերթը կուլ է տվել ամերիկյան խայծը

Չինաստանի Կոմկուսի առաջատար թերթը՝ «Ժենմին Ժիբաոն» (The People’s Daily), նոյեմբերի 27-ին վերատպել է ամերիկյան The Onion երգիծական թերթի կայքում հրապարակված կեղծ լուրն այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ճանաչվել է «2012թ. ամենասեքսուալ տղամարդ»:

Մեջբերելով հատվածներ The Onion-ից՝ «Ժենմին Ժիբաոն» Կիմ Չեն Ինին անվանել է «ցանկացած կնոջ երազանք» և «սրտակեր»՝ տեքստն ուղեկցելով առաջնորդի տասնյակ նկարներով:

Չինական թերթը որևէ կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը: Ուշագրավ է, որ սա առաջին դեպքը չէ, որ չինական պարբերականները ոչ հավաստի տեղեկություններ են վերատպում: Այսպես՝ 2002թ. Beijing Evening News չինական խոշոր պարբերականը վերատպել է The Onion-ի հոդվածն այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է տեղափոխվել Վաշինգտոնից Մեմֆիս կամ Շառլոտ:

Մեկնաբանել