Զինծառայողների մահվան գործերով հարազատներին չեն ճանաչում տուժողի իրավահաջորդ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել բանակում գրանցված մահվան դեպքերի քննություններում արձանագրված խախտումների վերաբերյալ։ Հայտարարությունը` ստորև:

Վերջին դեպքերով քննության ընթացքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեական գործի հարուցման պահից, որպես կանոն, տուժողների հարազատները չեն ճանաչվում տուժողի իրավահաջորդ:

2011թ. հունիսի 30-ին զինված ուժեր զորակոչված և 2012թ. հուլիսի 18-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ստամոքսի քաղցկեղից մահացած ժամկետային զինծառայող Աշոտ Սարդարյանի հայրը որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չունի՝ չնայած, որ դեպքից անցել է առավել, քան հինգ ամիս: Նա չի ստացել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և հարազատներից ոչ մեկը չի ճանաչվել տուժողի իրավահաջորդ:

2012թ. նոյեմբերի 5-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան եղած Սարգիս Սեյրանյանի հայրը ևս դեռ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Եվ, վերստին, զրկված է նախաքննությանը մասնակցություն ունենալու հնարավորությունից:

Ելնելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, մեկնաբանելով պետության կողմից կյանքի իրավունքի պաշտպանության ընթացակարգային պարտավորությունների կատարման հասկացությունը` պետությունը պարտավոր է ապահովել.

• կյանքից զրկման փաստերի հետաքննության դեպքերում կյանքի իրավունքը երաշխավորող ազգային օրենքների բարեխիղճ կատարումը, երբ ընդգրկված են պետական ծառայողներ կամ մարմիններ

• վերահսկողություն մահվան դեպքերում

• զոհի ընտանիքի համար հասանելի հանգամանալից, անաչառ, արդյունավետ հետաքննության իրականացում (…):

Այսինքն, նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդ չճանաչելը ոչ միայն զրկում է տուժողի ընտանիքին վարույթին մասնակից լինելու իր իրավունքից, արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքից, այլև խախտվում է ՀՀ քրեական դատավարական նորմերը:

Սույնով պահանջում ենք ՀՀ զինվորական դատախազությունից անհապաղ միջոցներ ձեռք առնել և զինվորական գործերով ապահովել տուժողի իրավահաջորդի՝ վարույթին մասնակից լինելու իրավունքը Աշոտ Սարդարյանի և նման այլ դեպքերում: