Յուրա Մովսիսյանը ոչ մի տեղ չի գնում. Սլավոլյուբ Մուսլին

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը մեկնաբանել է թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի` Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխության մասին լուրերը:

«Յուրայի նկատմամբ ուշադրություն են ցուցաբերում մի քանի ակումբներ, այդ թվում նաև «Սպարտակը», սակայն այժմ նա ոչ մի տեղ չի գնում: Այո, նա բուժզննման է մեկնել Մոսկվա, ինչը սակայն կապված է նրա վնասվածքի հետ, որի պատճառով էլ նա մի քանի խաղ է բաց թողել: Նրա բուժզննումը «Սպարտակ» տեղափոխվելու հետ ոչ մի կապ չունի»,-հայտարարել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը:

«Մենք հասկանում ենք, որ Յուրան ամբիցիաներ ունի. նա կցանկանար հանդես գալ այնպիսի թիմերում, որոնք պայքարում են Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի համար: Մենք դեռ այդպիսի թիմ չենք: Բացի այդ, մյուս ակումբները կարող են նրան ավելի բարձր աշխատավարձ առաջարկել: Սակայն այժմ Յուրան «Կրասնոդարի» ֆուտբոլիստ է: Եթե նրա վերաբերյալ առաջարկներ լինեն, մենք անպայման կքննարկենք դրանք»,-հավելել է Մուսլինը:

«Նա մեր թիմի առաջատարն է, և առաջին օրվանից օգնել է ակումբին: «Կրասնոդարն» իր հերթին օգնել է նրան շարունակաբար աճել»,-նշել է մարզիչը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com