Խոշոր պայթյուն Դամասկոսում. 34 զոհ, 83 վիրավոր

Այսօր առավոտյան Դամասկոսի Ջարամանա ավանում երկու մեքենա է պայթեցվել, որի հետևանքով զոհվել է 34, վիրավորվել` 83 մարդ:

Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական «Սանա» լրատվամիջոցը, պայթյունի հետևանքով վնասվել են նաև մեծ թվով բնակելի տներ և պատճառվել է նյութական խոշոր վնաս: Պայթյունից անմիջապես հետո երկու ուրիշ պայթյուն է որոտացել նույն շրջանում` Ջարամանայից ոչ հեռու գտնվող Նահդա և Գարիաթ թաղամասերում:

Ջարամանան հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով, այդ թվում` հայերով: Այդ թաղամասի բնակիչ է նաև դամասկոսահայ լրագրող Արա Սուվալյանը, որը Ֆեյսբուքի իր էջում առավոտյան գրել է. «Շտապ օգնության մեքենաների ձայները չեն դադարում, վախը պատել է ամբողջ շրջանը… Արյունը հոսում է փողոցներով, և կանանց ու երեխաների ձայներ են լսվում ամենուրեք»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին պայթյուն էր որոտացել նաև Ջարամանայի Ալ Ռաուդա թաղամասում: