Լեոնարդո դա Վինչիին վերագրվող «Անգյարիի ճակատամարտը» վերադարձրել են Իտալիային

Իտալիայի նախագահի պաշտոնական նստավայր Կվիրինալյան պալատում նոյեմբերի 28-ին ցուցադրության է դրվել նկար, որում պատկերված է Լեոնարդո դա Վինչիի «Անգյարիի ճակատամարտը» կորած որմնանկարի կենտրոնական տեսարանը: Պալատի պաշտոնական կայքը հաղորդում է, որ «Դորիայի տախտակը» կցուցադրվի մինչև հունվարի 13-ը:

Որոշ մասնագետների կողմից Լեոնարդոյին վերագրվող աշխատանքը առաջին անգամ է Իտալիայում՝ 1940-ին «սև շուկայում» վաճառվելուց ի վեր: Երկար ժամանակ նկարի մասին ոչինչ հայտնի չէր. 1990-ականներին կտավը «ջրի երես է դուրս եկել» Ճապոնիայում:

Աշխատանքի վերջին սեփականատերը Տոկիոյի Գեղարվեստի թանգարանն է, որը, իտալական իշխանությունների հայտին ի պատասխան, համաձայնել է Իտալիային վերադարձնել երկրից ապօրինաբար դուրս բերված նկարը: Երկու երկրների միջև համաձայնագրի համաձայն՝ Տոկիոն և Հռոմը կտավը «կկիսեն» առաջիկա 26 տարվա ընթացքում (երկու տարի այն կմնա Իտալիայում, չորս տարի՝ Ճապոնիայում):

Հռոմում ցուցադրվելուց հետո կտավը կտեղափոխվի Ֆլորենցիա: Իտալացի հետազոտողները մտադիր են ստուգել նկարի ինքնությունն ու պարզել հեղինակին: Ոմանց կարծիքով՝ նկարը վրձնել է ոչ թե Լեոնարդոն, այլ 16-րդ դարի տոսկանացի անհայտ մի նկարիչ:

«Դորիայի տախտակն» իր անունը ստացել է տիրոջ՝ Դորիայի պատվին, որին պատկանել է մինչև 1651թվականը:

Մեկնաբանել