Ստյոպա Սաֆարյանը խնդրել է ԿԸՀ-ին ընտրությունների օրը սովորական թանաք օգտագործել

2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանն այսօր դիմել է  Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` խնդրելով որոշում կայացնել ընտրությունների օրը օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաք օգտագործելու, ինչպես նաև անձը
հաստատող փաստաթղթերում այնպիսի դրոշմակնիք օգտագործելու վերաբերյալ, որն իր ձևով կտարբերվի նախկին ընտրություններում օգտագործած դրոշմակնիքից: Նամակը` ստորև:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին

2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի
մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ
ընտրություններում «Ժառանգություն»
կուսակցության թեկնածու Ստյոպա Սերյոժայի
Սաֆարյանից
Հասցե` ք. Երևան, Գայի պողոտա 8, բնակարան 1բ.,
Հեռախոս` 091 77 43 19, 67-42-61

 

Դիմում

Հարգարժան տիկնայք և պարոնայք

Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում»:

Ինչպես հիշում եք, 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ օքսիդացոք թանաքները լրջագույն խնդիրներ հարուցեցին ողջ հանրապետությունով մեկ և էապես ազդեցին ընտրությունների հանդեպ հանրային վստահության վրա: Ստացված բազմաթիվ ահազանգերից հետո ԿԸՀ-ը որոշում ընդունեց օրվա կեսից սովորական թանաքներ օգտագործելու վերաբերյալ և այդ մասին տեղեկացրեց բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներին, վերջիններս էլ` տեղամասային հանձնաժողովներին:

Հաշվի առնելով, որ նման խնդիրների անխուսափելիորեն բախվելու ենք դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում, դիմում եմ Ձեզ խնդրանքով և առաջարկով.

 

  • վերստին կայացնել այդ օրը քվեարկության ժամանակ օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաքներ գործածելու վերաբերյալ որոշում, ինչպես որ դա արվեց մայիսի 6-ին, և թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովի միջոցով այդ որոշման մասին տեղյակ պահել 35 տեղամասային հանձնաժողովներին,
  • ապահովել, որպեսզի ընտրողների անձը հաստատող փաստաթղթերում դրոշմակնիքն իր ձևով տարբերվի նախկին ընտրություններում օգտագործված դրոշմակնիքից:

 

Հարգանոք

Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան

28 նոյեմբերի 2012թ.