Թբիլիսին մտափոխվել է Մոսկվայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում

Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, այդ թվում Աբխազիայի երկաթուղու վերգործարկումը, որը չի գործում 1992-ից, հանվել է օրակարգից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման պետնախարար Պատա Զաքարեիշվիլին, հաղորդում է GHN-ը:

Նախարարը ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները մտադիր են Աբխազիայի տարածքով վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Ըստ պաշտոնական Սուխումիի՝ այս նախաձեռնության հիմքում առկա է քաղաքական ենթատեքստ, և Թբիլիսիի՝ Աբխազիայի ապամեկուսացման մասին հայտարարությունները նպատակ ունեն Վրաստան վերադարձնել վրացի փախստականներին:

 «Հարցը փակվել է անմիջապես այն բանից հետո, երբ նրա նկատմամբ Աբխազիան հետաքրքրություն չի դրսևորել», -ասել է նախարարը:

Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է 1992-1993 վրաց-աբխազական հակամարտությունից հետո:

Ավելի վաղ Սուխումին հայտարարել էր, որ ավելի քան 300կմ–անոց երկաթգծի վերականգնման համար կպահանջվի 1,8 մլրդ ռուբլի: