Աժ-ում ընդունել են եվրոպացի փորձագետներին

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր հանդիպել է Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի փորձագետների հետ, ովքեր նպատակ ունեին նախնական ուսումնասիրություն կատարելու Հարավային Կովկասի հանրապետություններում՝ անվտանգության ոլորտի բարեփոխումների կենտրոնի նախագծի իրականացման համար:

Նախագծով զբաղվող առաջատար կազմակերպությունը Սլովակիայի Եվրոպական և Հյուսիսատլանտյան գործերի կենտրոնն է, որի գործընկերներն են Չեխիայի և Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտները, Հունգարիայի Հանրային ծառայության ազգային համալսարանը, իսկ Հայաստանում՝ «Սպեկտրում» ռազմավարական վերլուծական կենտրոնը:

Ինչպես ներկայացրել են հյուրերը, իրենց հանդիպումների նպատակը անվտանգության ոլորտում Հայաստանի կարիքների ու փորձի քննարկումն է, ներկա իրողությունների արձանագրումը և ճշգրտումն այն հարցի, թե ինչպես կարող է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի փորձը կիրառվել Հայաստանում:

Կորյուն Նահապետյանը, կարևորելով փորձագետների առաքելությունը, նկատել է, որ տարածաշրջանի երեք հանրապետություններում անվտանգության խնդիրները և ընդհանրություններ ունեն, և զգալի տարբերություններ, որոնք պայմանավորված են հիմնախնդիրների առանձնահատկություններով և որոնց պատճառները պետք է լավագույնս ուսումնասիրվեն՝ օբյեկտիվ ու ճշմարիտ հետևություններ անելու և արդյունավետ համագործակցություն ծավալելու համար:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի և նրա մարմիններից մեկի՝ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից մեկը ուժային կառույցների խորհրդարանական վերահսկողությունն է, որն իրականացվում է օրենսդրական բարեփոխումների ու դրանց կիրառման, բյուջետային վերահսկողության, գործադիր մարմնի հետ տարբեր ձևաչափերով քննարկումների և ստուգայցերի ճանապարհով: Այս ոլորտում եվրոպացի փորձագետների հետ կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել, եթե նրանք կոնկրետ առաջարկներով հանդես գան, ներկայացնեն իրենց երկրների փորձը: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ համագործակցության ձևեր կարող են լինել նաև մասնագետների վերապատրաստումը, ուսումնական դասընթացները, ոլորտին վերաբերող ձեռնարկների հրատարակությունները: Նա փորձագետներին առաջարկել է համագործակցության կոնկրետ ձևերի մասին ներկայացնել իրենց պատկերացումները, որպեսզի ուղղությունները հստակեցվեն և համագործակցությունը հետագայում դառնա առավել արդյունավետ: