Մշուշոտ եմ համարում, որ կլինի միասնական թեկնածու. Է.Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկել է ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ  փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ մասնավորաբար քննարկվել են նախընտրական շտաբների ձևավորման, համագումարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

«Քանի որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր արտերկրում, պարոն նախագահը կիսվեց նաև Լիբանան և Ֆրանիսա կատարած այցերի արդյունքներով»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանի հանդես կգա նախընտրական համագումարի ելույթով:

Շարմազանովը կասկածամտորեն է վերաբերվում նախագահական ընտրություններում քաղաքական մյուս ուժերի միասնական թեկնածու ունենալու հավանականությանը: «Ես մշուշոտ եմ համարում, որի կլինի մեկ թեկնածու, որը կարող է համախմբել թե ծայրահեղ ձախերին, թե ծայրահեղ աջերին՝ հաշվի առելով նաև այն հանգամանքը, որ տարբեր ընդդիմադիր ուժեր նույնիսկ իրենք իրենց մեջ չեն կարողանում միասնական ճակատ ստեղծել:  Չեմ կարծում, որ ՀԱԿ-ը կպաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանին կամ հակառակը, կամ ՀՅԴ-ն կպաշտպանի ՀԱԿ-ին կամ հակառակը, կամ այդ բոլոր ընդդիմադիր ուժերը կպաշտպանեն ինչ-որ մեկ այլ թեկնածուի»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը: