Կենսաթոշակը միայնակ չթողնել

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը և կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի կայացմանը պետք է օժանդակեն հարկաբյուջետային, մակրոտնտեսական կայունության, ներդրումային միջավայրի բարելավման, ֆինանսական շուկայի կարգապահության քաղաքականությունները։ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի խոսքով՝ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ բարեփոխումների տապալման ռիսկերն ավելանում են, եթե նման քաղաքականություն չի իրականացվում։

Երեկ «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ կենսաթոշակային տարիքի համար: Դա ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու պարտավորությունն է՝ մտածել բարեկեցիկ ծերության մասին. այսինքն՝ նա պարտավոր է աշխատանքի ընթացքում որոշակի հատկացումներ կատարել իր անձնական հաշվին և կուտակել ապահով ծերության համար, մանրամասնել է վարչապետը:

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ որպեսզի 2014թ. պարտադիր կուտակային համակարգին անցումն ավելի մոտիվացված լինի, պետությունը պարտավորություն է ստանձնել կրկնապատկել քաղաքացիների խնայողությունները։ «Այսպիսի մոտեցումը պարտադրում է, որ հասարակությունը փոխի իր մտածողությունն այս բնագավառում: Մեր երիտասարդները պարտավոր են ծանոթանալ այս հայեցակարգին, քանի որ 2014թ. հունվարի 1-ից նրանք պետք է ընտրություն կատարեն և ինքնուրույն պլանավորեն իրենց ապագան»,– ասել է վարչապետը:

Ակտիվների կառավարիչները արդեն մյուս տարի
Լրագրողների հետ ճեպազրույցում ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ասաց, որ Մեծ Բրիտանիայի GAM Group ընկերությունն արդեն ցանկություն է հայտնել մուտք գործելու հայկական շուկա, և այսօր 90% վստահությամբ կարելի է ասել, որ այն մուտք կգործի։ «Մենք ունենք մի քանի այլ հեղինակավոր ընկերությունների հետ բանակցային առաջընթաց, բայց ավելի ճիշտ կլինի, որ իրենք հայտարարեն [մուտքի մասին – խմբ.]»,– ասաց Արամյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր կատարել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 2-3 կառավարիչների մուտքը ապահովելու համար։ Մինչև 2013թ. հայտնի կլինեն այն ընկերությունների անունները, որոնք կզբաղվեն ֆոնդերի կառավարմամբ։

Հարցին, թե որքանով է հայկական համակարգը զերծ ռիսկերից, եթե հաշվի առնենք, որ կան երկրներ, որտեղ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգերը տապալվել են, մյուսներում, մասնավորապես՝ Էստոնիայում կամ Ղազախստանում, ի հայտ են եկել խնդիրներ, Արամյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է հասկանալ նաև, թե ինչու օրինակ Արգենտինայում կամ Հունգարիայում տապալվեցին այս համակարգերը։ «Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ բարեփոխումները չպետք է միայնակ թողնել և համարել, որ դրանք պետք է պատասխանեն բոլոր հարցերին։ Ցանկացած բարեփոխում կունենա տապալման ռիսկեր, եթե օրինակ չկա մակրոտնտեսական կայունության կամ հարկաբյուջետային քաղաքականություն»,– ասաց Արամյանը՝ հավելելով, թե Հունգարիայում, օրինակ, վերջին 8-10 տարիներին պետբյուջեի պակասուրդը 7-8% է եղել։ Ըստ նրա՝ եթե Հայաստանում ուշադրություն չդարձվի հարկային և մաքսային բարեփոխումներին, ներդրումային միջավայրի բարելավմանը, կապիտալի շուկայի զարգացմանը, ապա այդ ամենը կարող է լրջորեն խոչընդոտել համակարգի կայացումը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում և Ղազախստանում հիմնական խնդիրն այն է, որ պետությունն արտարժութային ակտիվներում կուտակային միջոցների ներդրման համար բավական խիստ սահմանափակումներ է դրել։ Արդյունքում կուտակային այդ միջոցները հոսել են հիմնականում դեպի պետական արժեթղթեր և բանկային համակարգ։ «Խնդիրներն առաջացան, քանի որ ակտիվների կառավարիչները ճկուն չէին մեծ եկամուտներ ապահովել կարողանալու համար։ Անհրաժեշտ է ընտրել այնպիսի համամասնություն, որ ակտիվների կառավարիչների համար ճկունություն ապահովվի»,– ասաց Արամյանը։ Ըստ նրա՝ եթե սահմանվում է, որ կուտակային միջոցների ողջ ծավալը պետք է մնա երկրում, սա նշանակելու է մեծ կախվածություն երկրի տնտեսական վիճակից, և տնտեսությունում խնդիրների դեպքում դրանք ամբողջովին տեղափոխվում են ֆոնդերի վրա։

Մյուս կողմից, եթե խիստ սահմանափակումներ են դրվում կառավարիչների վրա, ապա հարց է առաջանում՝ ինչի համար են ակտիվների կառավարիչներն ընդհանրապես, և ինչու պետք է նրանց վճարել, եթե քաղաքացին ինքը կարող է միջոցները տեղաբաշխել ավանդներում և պետական պարտատոմսերում։

Ճկունություն է հարկավոր
Ըստ Արամյանի՝ պարտադիր կուտակային համակարգի համար միջոցների ներդրման սահմանաչափեր առայժմ չեն սահմանվել։ Կամավոր համակարգի համար սահմանված է, որ միջոցների կեսը կարող է տեղաբաշխվել արտարժութային ակտիվներում, իսկ մյուս մասը՝ ազգային արժույթով։ Պարտադիրի դեպքում սահմանափակումները կարող են մի փոքր խիստ լինել։ Ամենայն հավանականությամբ միջոցների 30-40%-ը հնարավոր կլինի ներդնել արտարժույթով ակտիվներում, իսկ մնացածը մասը՝ ազգային արժույթով։ «Բայց դա չի նշանակում, որ այդ 30-40%-ը կարտահոսի երկրից, քանի որ դրանք կարող են ներդրվել նաև հայկական ընկերությունների արտարժութային արժեթղթերում»,– ասաց Արամյանը։

2014-ից ներդրվող կենսաթոշակների պարտադիր համակարգի գործունեության առաջին տարում հավաքագրվելիք միջոցների ծավալը կարող է կազմել Դ40 մլրդ, երկրորդ տարում՝ մոտ ֌45 մլրդ։ Հետագա տարիներին գումարների ծավալն ավելանալու է ավելի մեծ տեմպով։

Մեկնաբանել