Մարտի 1-ը՝ քաղաքական գործոն

Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տասը անձանց սպանության, մի քանի վիրավորների դեպքերով իրավապահ մարմինների գործողությունների օրինականության հարցի համար ստեղծել Ազգային ժողովի նոր ժամանակավոր հանձնաժողով:

Ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այնպես էլ Մարտի 1-ի ողբերգությունը արդեն վերածվել են ներքաղաքական գործոնի, որը խիստ նպատակային ազդեցությամբ կարևոր ներքաղաքական խնդիրներ է լուծում: Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ հանցագործությունը լիարժեք չի բացահայտվել, և իրական մեղավորները չեն պատժվել: Նույնը կարելի է ասել ԼՂ հակամարտության առումով: Մինչև հակամարտության վերջնական կարգավորումը իշխանությունն այն օգտագործելու է որպես գործիք հակաիշխանական պոռթկումները զսպելու համար: Հանգուցային համապետական ընտրություններից առաջ և հետո իշխանությունը կասկածելի ջանասիրությամբ սկսում է խոսել հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսման մասին: Այդ ընթացքում պատերազմի ուրվականը մահակ է դառնում իշխանությունների ձեռքին, որը բնականաբար ուղղված է ժողովրդի և ընդդիմախոսների դեմ:

2008թ. նախագահական ընտրություններից հետո, ի դեմս մարտմեկյան ողբերգության, այդպիսի մի մահակ էլ ձեռք գցեց ընդդիմությունը, որն օգտագործվում է իշխանությունների դեմ: Ներկա իշխանությունների հիմնական մասը, թաթախված լինելով այդ ողբերգության արյան մեջ, բնականաբար մարտյան հանցագործության բացահայտման հեռանկարից առնվազն պետք է որ զգաստանա: Սակայն այս մահակի պատկանելությունը և օգտագործման թիրախը միանշանակ չէ, քանի որ այն, որքան էլ տարօրինակ է, օգտագործվում է նաև գործող իշխանությունների կողմից իր երբեմնի դաշնակիցների դեմ:

Ներկայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մարտմեկյան ողբերգությունը բացահայտելու փոխարեն քաղաքական ուժերը զբաղված են այն շահարկելով և օգտագործելով: Նման մոտեցումը միանշանակ ոչ միայն ընդունելի չէ, այլև անբարոյական է: Սակայն այդ հանցագործությունը չի բացահայտվի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական տեսակետից նպաստավոր պայմաններ չեն ստեղծվել երկրում արդարադատություն հաստատելու համար: Այս իրավիճակում պետք չէ զարմանալ, որ ինչ-որ պատմաբան պատմություն է կեղծում: Պատմության կեղծիքն ու ողբերգության շահարկումը ընդամենը արատավոր ռեժիմի գործունեության հետևանքն են: Հետևանքների դեմ պայքարելու փոխարեն պետք է մտածել արատների սկզբնաղբյուրը վերացնելու մասին:

Մեկնաբանել