Պահանջարկի ավելացումը նպաստել է անշարժ գույքի գների աճին

Հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի կտրուկ ավելացումը նպաստել է գների աճին. Երևանում բնակարանները մեկ ամսում թանկացել են միջինը 0,5%-ով, անհատական տները՝ 0,4%-ով։ Պահանջարկի աճն ավելի շատ կարճաժամկետ բնույթ է կրում և պայմանավորված է սիրիահայերի գործոնով։

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կտրուկ աճել է անհատական բնակելի տների պահանջարկը։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ 2012թ. հոկտեմբերին Հայաստանում արձանագրվել է անհատական բնակելի տների առուվաճառքի 512 գործարք, այդ թվում՝ Երևանում՝ 159 գործարք, մարզերում միասին վերցրած՝ 353։ Հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 43,4%-ով, ընդ որում՝ Երևանում՝ 63,9%-ով, իսկ մարզերում միասին վերցրած՝ 35,8%-ով։ Համեմատության համար՝ սեպտեմբերին անհատական բնակելի տների գործարքների ծավալը թե՛ ամսական, թե՛ տարեկան կտրվածքով նվազել էր համապատասխանաբար 10,1%-ով և 27,3%-ով։

Հայաստանում հոկտեմբերին անհատական բնակելի տների գործարքների ծավալի աճն ամենայն հավանականությամբ պայմանավորված է սիրիահայերի ժամանումով։ Խնդիրն այն է, որ այս տարվա ինը ամիսներին անհատական բնակելի տներն այդքան էլ պահանջարկված չեն եղել. իրականացվել է 3437 առուվաճառքի գործարք (Երևանում՝ 987), ինչն անցած տարվա ինը ամիսների համեմատ պակաս է 5,6%-ով։ Ցածր պահանջարկի հետևանքով այս ընթացքում 0,3%-ով նվազել են նաև անհատական բնակելի տների գները։

Հոկտեմբերին պահանջարկի կտրուկ աճը հանգեցրել է Երևանում ամսական կտրվածքով գների աճի՝ 0,4%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 1,9%-ով։ Գների տարեկան աճը պայմանավորված է նաև փոխարժեքի գործոնով. անշարժ գույքի շուկայում գործարքները թեև իրականացվում են ազգային արժույթով, գնանշումը կատարվում է արտարժույթով։

Սիրիահայերի գործոնն աշխուժացրել է նաև վարձակալության շուկան։ 2012թ. հոկտեմբերին իրականացվել է անշարժ գույքի վարձակալության 920 գործարք։ Իհարկե, վարձակալության գործարքների 66%-ը կատարել են իրավաբանական անձինք, սակայն պետք է հաշվի առնել, որ 2011թ. վարձակալության գործարքների 88,3%-ն է բաժին ընկել իրավաբանական անձանց։ 2012թ. հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 30,7%-ով, իսկ անցած տարվա հոկտեմբերի համեմատ՝ 40,2%-ով։

Հոկտեմբերին աշխուժացել է նաև բազմաբնակարանային բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի շուկան։ Այսպես՝ Երևանում 2012թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 55%-ով, իսկ 2011թ. հոկտեմբերի համեմատ՝ 8,6%-ով։ Մարզերում 2012թ. հոկտեմբերին գործարքների քանակի աճը եղել է ավելի համեստ. սեպտեմբերի համեմատ գործարքների աճը կազմել է 3,9%, իսկ անցած տարվա հոկտեմբերի համեմատ՝ 15,2%։

Պահանջարկի աճը հանգեցրել է նրան, որ Երևանում հոկտեմբերին բնակարանների 1 քմ միջին շուկայական գինը աճի 0,5%-ով, տարեկան կտրվածքով՝ 2,4%-ով։ Մարզերում ամսական կտրվածքով գներն աճել են 0,6%-ով։

Մեկնաբանել