Արվեստն այն հնարավորությունն է, որի միջոցով կարելի է անել անհնարինը

Վարշավայի թագավորական՝ Պղնձե տանիքով պալատում հոկտեմբերի 13-ից ներկայացվում է Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագիծը՝ Յան Վերմերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի երեսուներեք ձևափոխությունների ցուցադրությունը: Այստեղ 18-րդ դարից ի վեր սկզբունքորեն ժամանակակից արվեստի որևէ նմուշ չի ցուցադրվել. հեղինակի համար ոգեշնչողն այն է, որ հանկարծ թանգարանում, խախտելով բոլոր ավանդույթները, որոշել են ներկայացնել իր նախագիծը։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև հունվարի 13-ը։

— Հայտնի ծնողի զավակ լինելը (Նարեկ Ավետիսյանը Մինաս Ավետիսյանի որդին է – Ս.Ա.) որքանո՞վ է օգնում կամ խանգարում անհատի կայացմանը։

— Առաջին հերթին՝ սա պարտավորեցնող է: Մանկուց միշտ լսել եմ, որ արվեստում կա՛մ պետք է ոչինչ չանել, կա՛մ լինել ինքնատիպ անհատականություն: Իսկ ինձ համար ոչ թե ճնշող, այլ ոգեշնչող գաղափար է լինել նման մարդու, արվեստագետի զավակ… Ես ավելի ոգեշնչվում եմ հայրիկի կերպարով, նրա մարդկային տեսակով, գործունեությամբ: Նա ինձ համար օրինակ է՝ ինքնուրույն լինելու։ Նա միշտ էլ փորձել է ինքնուրույն և անկախ մնալ։

— Ձեր «Սիմուլակրում» նախագիծը՝ Յան Վերմերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարի երեսուներեք ձևափոխությունները, այժմ ցուցադրվում է Վարշավայում: Ի՞նչը Ձեզ մղեց այդ քայլին։

— Նկատի ունեք նախագծի գաղափա՞րը։ Բնականաբար արվեստը ինձ համար կոնցեպտուալ նշանակություն ունի, այսինքն՝ այն պետք է լինի գաղափարի և նրա մարմնավորման մի հետաքրքիր, ինքնատիպ և կարևոր քայլ, հենց այնպես ոչ մի բան ինձ համար չի կարող լինել։
«Սիմուլակրումի» միջոցով ես փորձեցի բարձրացնել այն հարցերը, որոնք երկար տարիներ հետաքրքրել են ինձ։ Նախ՝ անցյալի մշակութային շերտերի, պլաստերի խնդիրն է, որը ժամանակի և տարածության մեջ կրկին կարողանում է նոր ոգի, նոր ձևափոխում ստանալ և ժամանակակից արվեստի վիճակում վերածվել շատ ակտուալ գաղափարի և էսթետիկայի։ Երկրորդը՝ ոճերի մտածողության ձևափոխությունն է. ոճը դիտել ոչ թե վերջնական մի բանաձև, որի մեջ արվեստագետը պարփակվում է, այլ որպես մտածողությունը տարբեր եղանակներով ներկայացնելու հնարավորություն։

Այն ինչ-որ առումով նաև իմ հարգանքի տուրքն է բոլոր այն մեծ նկարիչներին, որոնց ես շատ սիրում եմ և սովորում եմ նրանցից։

— Դժվար չէ՞ր անընդհատ՝ և՛ հոգեպես, և՛ ոճային առումով, կերպարանափոխվել։

— Անշուշտ դժվար կլիներ, երևի թե հեշտ չէր, եթե դրա ներքին պահանջը չլիներ, ու չարվեր սիրով։ Ինձ համար, եթե իսկապես շատ կարևոր չլիներ, գուցե երկու-երեք նկարից հետո հրաժարվեի… Բայց մեծ հաճույքով է այդ ամենը արվել։

— Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ այսօր ժամանակակից արվեստում անգիտակից վիճակներ չկան, ամեն ինչ պետք է հիմնավորել։ Իսկ արվեստում երբևէ եղե՞լ է անգիտակից վիճակ կամ ո՞րն է անգիտակից վիճակը։

— Արվեստի ամեն ժամանակաշրջան ունեցել է իր մտածողությունը, հենց այնպես ոչինչ չի արվել։ Բարրոկոն, օրինակ, մի ժամանակաշրջան էր, որը ուներ իր մտածողությունը և իր իդեալները, աշխարհընկալումը. այդտեղից էլ ծնվում էին ձևերը, արտահայտչամիջոցները, որոնք չէին կարող այլ կերպ լինել։

Նկատի ունեմ, որ կան մարդիկ, անհատներ, ովքեր ժամանակավրեպ են գործում, արվեստը նրանց համար երբեմն վերածվում է մի հիվանդության, առանց որի նրանք չեն կարող. նկարել՝ նկարելու համար։ Ես չեմ քննադատում, պարզապես ինձ համար դա արդյունավետ և հետաքրքիր չէ:

Կարծում եմ, որ իսկական արվեստագետը իր ժամանակի մեջ, իր մշակութային տարածության մեջ պետք է ինչ-որ խոսք ասի, հետք թողնի։ Այն արդեն արվեստի պատմության մեջ պետք է դիտարկել, ոչ թե նրանից դուրս:

— Հայերը տարբերվում են գունազգացողությամբ, ինչո՞վ կբացատրեք դա։

— Հաճախ, հատկապես 60-ականներին, մեզ մոտ խոսվում էր ազգային արվեստի մասին, որին հստակ բնորոշում տալը դժվար է, հստակ դեղատոմս չկա՝ ի՞նչ անել, որ լինի ազգային։ Թույլ տվեք այս դեպքում հայրիկիս՝ Մինասի խոսքը մեջբերել. «Ազգայինը բխում է էությունից, արյան որակից, այն պետք է դրսևորվի խառնվածքով, գենետիկական հիշողությամբ»: Իսկ ես կավելացնեմ, որ հայ ազգը իսկապես ունի իրեն բնորոշ տաղանդը, որը ժառանգաբար է փոխանցվել՝ դա մեր գունազգացողությունն է: Այն կարելի է բացատրել նաև մեր ուժեղ արևով. լույսը վերածվում է գույնի:

Ամբողջ աշխարհը գիտի հայկական մանրանկարչության գունամտածողությունը։ Իտալացիներն էլ, ֆրանսիացիներն էլ ունեն, բայց մերը զարմացնում է մյուսներին իր համարձակությամբ (ժպտում է – Ս.Ա.), այսինքն՝ դա իսկապես բխում է ներսից, ոչ թե զուտ մտքով է կշռադատված:

Գունամտածողությունը գեղանկարչության մեջ հիմնական տարրն է, առանց որի պարզապես անհնարին է պատկերացնել հայկական արվեստը:

— Ինչպե՞ս ապրեցնել հայերենը համաշխարհայնացող աշխարհում։

— Հայկական մտածողության տեսակը պահպանելու համար շատ կարևոր է լեզվամտածողությունը։ Այսօր մեր կրթական համակարգում այդ միջինացումը՝ ոչ մի լավ տեղ չի հասցնի այն մեզ: Ես չեմ ընդունում այդ տենդենցը. կրթությունը հզորացնելու, այն ավելի բարձր մակարդակի հասցնելու կամ գոնե սովետական կրթահամակարգը պահելու փոխարեն, որը իսկապես բազմակողմանի էր ու ամուր, միջինացվում է։ Միջինացնելով շատ հեշտ է կառավարել մարդկանց, բավարարել նրանց պարզունակ պահանջները։

Գաղափարներով, մշակութային շերտերով… կան գաղափարներ, որ ժամանակակից աշխարհում համալրվելով նոր տեխնոլոգիաներին, մարդկային հարաբերություններին՝ կարող են եզակի կարևորության իմաստ ստանալ։ Արվեստը, մշակույթը այն հնարավորությունն է, որի միջոցով հաճախ կարելի է անել անհնարինը։

— Ի՞նչը կարելի է արվեստագետի համար երջանկություն համարել։

— Ներդաշնակությունը: Ստեղծագործել կարողանալու, ցանկանալու և դրսևորվելու հնարավորությունները մեկտեղ, ստանալ փոխադարձ ադեկվատ վերաբերմունք հասարակությունից, երկրից… և կյանքում չկորցնել մարդկային բնածին տեսակը։ Լինում է չէ՞, որ մարդու մեջ մի բան կոտրվում է, և նա դառնում է հոռետես և, Աստված ոչ անի, անգամ չարանում է: Այդ լուսավոր կերպարը պետք է կարողանալ ներդաշնակության մեջ պահել. շատ դժվար է, բայց ես ուզում եմ հավատալ դրան:

— Շատ ավելի դժվար է ինքդ քեզ հետ հաշտ և ներդաշնակ լինելը։

— Ամենադժվարը դա է, որովհետև ոչ մեկս էլ չենք կարող ասել, թե ով ենք մենք. ամբողջ կյանքում փորձում ենք ճանաչել ինքներս մեզ, այստեղից էլ բխում է ներքին ներդաշնակություն ունենալու դժվարությունը։ Ցանկացած մասնագիտության տեր մարդ, եթե իր գործը մեծ սիրով է անում, կարող է ինքն իր հետ հաշտության գալ:
Զրուցեց Սաթենիկ Ազատյանը