Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թուրքմենստանի ԱԳ նախարարին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Երևան ժամանած Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը նախարարներ Նալբանդյանն ու Մերեդովը ընդգծել են, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի այցելությունը Հայաստան կարևոր հանգրվան է երկու երկրների հարաբերություններում և լավ հնարավորություն է ամփոփելու քսանամյա միջպետական հարաբերությունների ընթացքում ունեցած ձեռքբերումները և նախանշելու համագործակցության զարգացման նոր հեռանկարներ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների փոխգործակցության լայն շրջանակի, մասնավորապես իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, մշակութային և գիտակրթական համագործակցության խորացմանը:

Նոյեմբերի 28-ի երեկոյան Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարները ներկա են գտնվել հայ-թուրքմենական բարեկամությանը նվիրված համերգին:

Մեկնաբանել