Գերմանական էներգետիկ հսկան €2,2 մլն կփոխհատուցի իր հաճախորդներին

Գերմանական E.ON էներգետիկ ընկերությունը Մեծ Բրիտանիայի Ofgem էներգետիկ կարգավորիչի հետ իր հաճախորդներին 1,4  մլն ֆունտ ստեռլինգ՝ €2,2 մլն վերադարձնելու մասին փոխհամաձայանություն է ձեռք բերել: E.ON-ապօրինի տուգանել է հաճախորդներին, որոնք փոխել են մատկարարին: Մեծ Բրիտանիայի՝ օրենսդրության համաձայն՝ ընկերությունը վճարների բարձրացման դեպքում հաճախորդներին պարտավոր է այդ մասին տեղեկացնել 30 օր առաջ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան այդ ժամանակահատվածում փոխել մատակարարին: Եթե հաճախորդը այդ ընթացքում մատկարարին փոխելու որոշում ընդունի, ընկերությունը  իրավունք չունի դրա համար նրանից գանձում կատարել: Ուշագրավ է, որ նոյեմբերին E.ON-ն ինքն է իր սխալի մասին տեղեկացրել Ofgem-ին: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ սխալ գանձումների պատճառը եղել է համակարգչային խափանումը:

«Ofgem-ը պաշտպանում է սպառողներին, որպեսզի նրանք մատակարարի՝ գների բարձրացման մասին տեղեկատվությունը ժամանակին ստանան և կարողանան իրենց ահամար առավել ձեռնտու տարբերակ ընտրել: E.ON-ը խոստովանել է, որ խախտել է այդ կանոնը: Ընկերության՝ հաճախորդներին փոխհատուցելու որոշումը դրական քայլ է հենց ընկերության համար»,-նշել է Ofgem-ի ներկայացուցիչ Սառա Հարիսոնը:  E.ON-ը յուրաքանչյուր հաճախորդի կվճարի միջինը 15 ֆունտ ստեռլինգ: Փոխհատուցումները կտրվեն հունվարին: Ընկերությունը այս ամառ արդեն խիստ քննադատության է ենթարկվել էլեկետրաէներգիայի գների բարձրացման համար՝ չնայած ավելի վաղ տրված խոստումներին, որ մինչ տարեվերջ գները չեն փոխվելու: E.ON-ը Եվրոպայի էներգետիկ խոշորագույն ընկերություններից է, և Մեծ Բրիտանիայի էներգետիկ «մեծ վեցնյակի» անդամ է British Gas-ի, EDF Energy-ի, Npower-ի, Scottish Power-ի և SSE-ի հետ միասին: