Սիրիացի փախստականները վաճառում են իրենց երեխաներին

Գոյատևման միջոցներից զրկված անօթևան սիրիացի աղքատ ընտանիքներն իրենց դուստրերին վաճառում են 1-2 հազ. եվրո բավական համեստ գնով, գրում է իտալական Corriere della Sera պարբերականը:

«Նրանց անվանում են էժան հարսնացուներ: Այս աղջիկներին հեշտ է գտնել, հեշտ է տանել: Սիրիական սահմանների մոտ գտնվող՝ փախստականների ճամբարներոււմ հայտնված ընտանիքները շատ բաների են պատրաստ իրենց վիճակն ինչ-որ կերպ թեթևացնելու համար: Այս շուկան ծաղկում է և ընդլայնվում: «Հարսնացուների բիզնեսն» արդյունաբերական հիմքի վրա են դրել ամմանցի տաքսու վարորդները, որոնք հարուստ սաուդցիներ ու Պարսից ծոցի այլ երկրների մեծահարուստներ են «որսում» օդանավակայաններում կամ հինգաստղանի հյուրանոցների մոտ»,- գրել է իտալական պարբերականը:

«Նման մեծ պահանջարկի պատճառն այն է, որ սիրիացի կանայք մեծ հաջողություն են վայելում արաբական աշխարհում: Նրանք ունեն սպիտակ մաշկ, մեծ աչքեր, բարձր հասակ»,- պատմում են տեղացի ակտիվիստ-իրավապաշտպանները: Սիրիացի աղջիկները թանկ չեն. 15-16 տարեկան պարմանուհիները կարող են վաճառվել 1-2 հազ. եվրոյով: Սա ոչինչ է Ծոցի գործարարների համար, որոնք սովոր են նույնիսկ ավելի թանկ վճարել. Դուբայի հյուրանոցում ուկրաինացի աղջիկների հետ մեկ գիշերը կրկնակի թանկ է»,- գրել է հոդվածագիրը:

Ըստ թերթի՝ այս բիզնեսն ավելի ու ավելի է զարգանում: Որոշ տվյալներով՝ դրա ծաղկմանը նպաստում են տեղական մարդասիրական կազմակերպությունները:

«Սա շահագործում չէ: Սա մեծահոգություն է»,- ասել է փախստականների ճամբարներում գործող մարդասիրական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Զիյադ Համադը: Նրա խոսքով՝ դստերն ամսուսնացնելու հարցում դժկամություն դրսևորող ընտանիքներին առաջարկվում է մինչև 4,5 հազ. եվրո, ինչը հսկայական կարողություն է նրանց համար, ովքեր անգամ հացի փող չունեն:

Մեկնաբանել