Google-ի հետ պայմանագիր ստորագրելու մասին կեղծ հաղորդագրությունը ամերիկյան ICOA ինտերնետ պրովայդերի բաժնետոմսերն արժևորել է հինգ անգամ, հաղորդում է բրիտանական Guardian-ը:
Նոյեմբերի 26-ին PRWeb.com կայքում կեղծ հաղորդագրություն էր տեղադրվել այն մասին, որ Google և ICOA ընկերությունների միջև պայմանագիր է կնքվել, ըստ որի` որոնողական հսկան մտադիր է $400 մլն-ով գնել ICOA ընկերությունը:
Հաղորդագրության համաձայն` Google-ի հետաքրքրվածութունը ICOA-ով պայմանավորված էր նրանով, որ վերջինս ԱՄՆ-ում լայնաշերտ ինտերնետային ցանց ունի: Նշվում էր նաև, որ ICOA-ն ԱՄՆ-ի մոտ 40 նահանգում հարյուրավոր ռեստորանների, հյուրանոցների և հասարակական այլ օբյեկտների ապահովում է Wi-Fi կապով:
Մինչ կեղծ հաղորդագրության տարածումը` ICOA-ի մեկ բաժնետոմսի արժեքը կազմում էր մեկ ցենտ: Հաղորդագրության տարածումից հետո այն կազմել էր 5 ցենտ` մեկ բաժնետոմսի դիմաց:
Ավելի ուշ հաղորդագրության` կեղծ լինելու փաստը հաստատեցին ICOA-ն, Google-ը և PRWeb.com կայքը: