Սիրիական ներքին ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ բանակցությունների

Սիրիական ներքին ընդդիմությունը պատրաստ է Սիրիայի իշխանությունների հետ բանակցել երկրում քաղաքական վարչակարգի փոփոխման շուրջ, հայտարարել է Ազգային համակարգող կոմիտեի գլխավոր համակարգողի տեղակալ Արեֆ Դալիլան։

«Գոյությություն ունի երկու եզր՝ երկխոսություն և բանակցություններ։ Ներկայիս վարչակարգը խոսում է երկխոսության մասին։ Մենք պատրաստ ենք ոչ թե երկխոսության, այլ վարչակարգի փոփոխման վերաբերյալ բանակցությունների»,- ռուսական Ինտերֆաքս գործակալության հաղորդմամբ՝ ասել է Դալիլան։

Ազգային համակարգող կոմիտեի գլխավոր համակարգող Հասան Աբդ ալ Ազիմն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում սիրիական ներքին ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են հայտարարել բռնության և սիրիական խնդրի ռազմական լուծման դադարեցման անհրաժեշտության մասին։

«Մենք խոսելու ենք այն մասին, թե ինչպես է հնարավոր դիմակայել բռնությանը, ավերածություններին, սպանություններին և այն վտանգավոր իրադարձություններին, որ տեղի են ունենում Սիրիայում, ինչպես նաև այն մասին, որ մեզ և մյուս բոլոր կողմերին անհրաժեշտ է երկխոսություն՝ դա դադարեցնելու համար»,- նշել է Ազգային համակարգող կոմիտեի գլխավոր համակարգողը։

Այսօր սիրիական ներքին ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններ են իրականացնելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ։

Մեկնաբանել