Եվրոպայում կխստացվի «մեծ եռյակի» գործունեության վերահսկողությունը

Եվրախորհրդարանը և Եվրահանձնաժողովը համաձայնեցրել են միջազգային վարկանշային գործակալությունների՝ Եվրոպայում գործունեության ավելի խիստ վերահսկողության նախագիծը: Այստեղ մտադիր են կտրուկ սահմանափակել վարկային վարկանիշների հրապարակման ժամկետները ու խստորեն վերահսկել գործակալությունների բաժնետերերին և շահառուներին։

«Վարկանշային գործակալությունների գործունեությունը պետք է ավելի հստակ լինի: Ինչ վերաբերում է պետությունների վարկանշմանը, գործակալությունները պետք է հարգեն հրապարակման ժամկետները և համաձայնեցնեն անցանկալի վարկանիշների ժամկետները: Գործակալությունները պետք է ավելի խիստ կանոնների հետևեն, ինչը կբարձրացնի նրանց պատասխանատվության աստիճանը սխալների համար»,– հայտարարել է տնտեսական և ներքին առևտրի հարցերով եվրահանձնակատար Միշել Բառնյեն:

Փոփոխությունները, առաջին հերթին, հասցեագրված են գործակալությունների «մեծ եռյակին»՝ Fitch-ին, Moody’s-ին և Standard&Poor’s-ին: Փաստաթղթի նախագիծը պետք է հաստատվի ԵՄ անդամ երկրների և Եվրախորհրդարանի կողմից: Բառնյեի խոսքով՝ դա ևս մեկ կարևոր քայլ կլինի ֆինանսական կայունության ճանապարհին։

Եվրոպական պետությունների և վարկանշային գործակալությունների հարաբերությունները սրվել են դեռ այս տարվա ամռանը, երբ Moody’s գործակալությունն իջեցրեց ԱՄՆ-ի և Եվրոպայի 15 խոշոր վարկատուների, իսկ S&P-ն՝ շուրջ մեկ տասնյակ եվրոպական երկրների վարկանիշները։

Financial Times-ի հաղորդմամբ՝ Արժեթղթերի շուկայի եվրոպական վարչությունը (ESMA) ընթացիկ տարվա ամռանը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ ինչպես են գործակալությունները սահմանում բանկերի վարկանիշները: Եվրոպացի պաշտոնյաները ցանկանում են հստակեցնել՝ որքան թափանցիկ է այս գործընթացը: Ակնկալվում, որ ուսումնասիրությունը կավարտվի մինչ տարեվերջ։

Եվրոպական երկրների հիմնական փաստարկն այն է, որ գործակալությունների ցանկացած քայլ հանգեցնում է ֆինանսական հոսքերի փոփոխման: Ըստ Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունների՝ վարկանիշների իջեցումը միայն խորացնում է ճգնաժամը Եվրոպայում՝ նվազեցնելով ներդրողների վստահությունը։ Եվրահանձնաժողովը մտադիր է հետագայում համաեվրոպական վարկանշային գործակալություն ստեղծել։

Financial Times-ի հաղորդմամբ՝ հնարավոր է Moody’s-ին արգելվի վարկանշել ամերիկացի հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ընկերությունը, քանի որ նոր կանոնների համաձայն՝ գործակալությունները չեն կարող վարկանշել իրենց բաժնետերերի «արտադրանքը»: Berkshire Hathaway-ին է պատկանում Moody’s-ի բաժնետոմսերի 12,75%-ը, մինչդեռ «խոշոր բաժնետիրոջ» համար առավելագույն բաժնեմասը սահմանված է 10%-ի մակարդակում: Եվրամիությունը մտադիր է նաև արգելել միևնույն ներդրողի՝ երկու գործակալությունում միաժամանակ 5% բաժնեմաս ունենալու հնարավորությունը։

Մեկնաբանել