ՀԱԿ-ը կդիմի ՍԴ. Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես խմբակցությունը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով քննության առնել նոյեմբերի 21-ին ՀԱԿ-ի հրավիրած արտահերթ նիստի տապալման փաստը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 

«Ըստ Սահմանադրության 70-րդ հոդվածի, արտահերթ նիստ կարող է հրավիրվել 44 պատգամավորի ստորագրությամբ: Օրենքի որևէ դրույթ չի կարող վիժեցնել այս իրավունքը: Սահմանադրությունը չի սահմանում քվորում հասկացությունը»,- ասել է ՀԱԿ համակարգողը: 

Նա տեղեկացրել է, որ ՍԴ դիմելու համար իրենք արդեն նախաձեռնել են ստորագրահավաք: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է հավաքել 27 պատգամավորի ստորագրություն: Առայժմ ստորագրել են ՀԱԿ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը և Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀԱԿ-ի հրավիրած արտահերթ նիստը տապալվել էր, քանի որ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները չէին ներկայացել նիստին: Արտահերթ նիստի օրակարգում պետք է լինեին Ընտրական և Քրեական օրենսգրքերում, «Բնակչության պետռեգիստրի մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու պահանջը: