«Քարերի սիմֆոնիան» համաշխարհային արժեք է. ակտիվիստ

«Քարերի սիմֆոնիան» վեցանկյուն քարերով բնության հրաշքներից մեկն է, որից աշխարհում գուցե միայն երեք տեղ լինի. այս համաշխարհային արժեքը կոտրում են արդեն հինգ տարի շարունակ, իսկ գյուղի ժողովուրդն ու պետությունն անտարբեր են. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրի շրջանակում նշեց բնապահպան ակտիվիստ Սամվել Հովհաննիսյանը:

«Գառնու ձոր»-ի այս բնական հուշարձանը բազմաթիվ խոստումներից հետո էլ շարունակում է մնալ անանձնագիր, ինչն առավել խոցելի է դարձնում այն: Մինչ օրս ոչ պահակ կա այնտեղ, ոչ էլ ցուցանակ, որով իրազեկվի, որ այն հուշարձան է: Պետական միջոցներով պահպանվելու փոխարեն, այն «հումք է մատակարարում» մեծահարուստների տների ու խանութների համար:

«Գյուղապետն ասում է, որ չի կարող հսկել այդ յոթ կիլոմետրանոց հատվածը, սակայն եթե ամեն անցնելիս մենք մի խախտում արձանագրում ենք, ուրեմն ինքն էլ կարող է որոշ միջոցներ ձեռնարկել,- նշեց Հովհաննիսյանը:- Եթե այլ երկրներում ոչնչից ստեղծում են հուշարձաններ, ապա այստեղ բնությունից մեզ տրված հուշարձանը, որ առավել արժեքավոր է, կոտրում-փչացնում, վերացնում են»:

Հիշեցնենք, որ իրենց հետազոտությունների արդյունքները բնապահպաններն այսօր հրապարակել էին: Ըստ ակտիվիստի՝ իրենք դիմել են բոլոր պատկան մարմիններին, սակայն որևէ կառույցից դեռ պատասխան չեն ստացել: