Չենք բացառում, որ մեր թեկնածուն կարող է լինել ՀՀԿ-ից. Ա.Ռուստամյան

«Դնել միասնական թեկնածու առանց միասնական օրակարգի» դա այն է, ինչ մենք միշտ արել ենք ու միշտ ձախողվել ենք. «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նշեց Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Մենք չենք բացառում, որ մեր թեկնածուն կարող է լինել մեկը, ով կընդունի մեր առաջադրած բոլոր յոթ կետերը և տա երաշխիքներ, որ դա կատարելու է: Մենք չենք բացառում, որ դա կարող է լինել նաև «Հանրապետական»-ից. խնդիրն այն չէ, թե դա ով կլինի, այլ այն, որ նա գալու է նախագահի աթոռից հրաժարվելու»,- ասաց նա:

Այսօր, ըստ նրա, կատարվում է ճիշտ հակառակը. «Ասում են՝ մենք համաձայն ենք ամեն ինչի, բայց պիտի մեր թեկնածուն լինի. դրա համար էլ սայլը տեղից չի շարժվում»: Ռուստամյանի դիտարկմամբ՝ ՀՅԴ-ի նշած յոթ կետերի շուրջ խորհրդակցությունները բավական լուրջ ընթանում են, սակայն կան կետեր, որոնց նկատմամբ կա վերապահում, «այնպես որ ասել, թե լիարժեք համաձայնություն կա այդ պահանջների շուրջ, ճիշտ չի լինի»:

«Ձևավորել թիմ ընդդեմ ձևավորված արատավոր համակարգի»,- հակիրճ ձևակերպեց իրենց պահանջները Ռուստամյանը՝ բացատրելով, որ այս կետերը մշակված են երկար մտորումների արդյունքում, և դրանցով կարող է իշխանությունը վերադարձվել ժողովրդին:

Դեկտեմբերի 6-ի նիստից հետո, ըստ նրա, արդեն իսկ պարզ կլինի, թե ինչ դիրքորոշում ունեն մյուս քաղաքական ուժերը և ինչ օրակարգով են գնալու ընտրությունների:

Մեկնաբանել