Lufthansa-ն վերացրել է Հայաստան տեղափոխվող բեռների էմբարգոն

Lufthansa ավիաընկերությունը Հայաստանի ավիացիոն իշխանություններին վստահեցրել է, որ վերացրել է օդային ճանապարհով Հայաստան տեղափոխվող բեռների վրա մոտ 15 օր առաջ սահմանած էմբարգոն։ Բելգիայում գործարարները սակայն ասում են, որ երեկ չեն կարողացել Հայաստան թանկարժեք բեռներ տեղափոխել։

Lufthansa ավիաընկերությունը առանց որևէ պարզաբանման մոտ 15 օր առաջ էմբարգո է սահմանել օդային ճանապարհով Հայաստան տեղափոխվող բեռների վրա։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայությունում «Օրակարգին» ասացին, որ նոյեմբերի 28-ին ավիաընկերությունը պաշտոնական տեղեկագրով տեղեկացրել է, որ վերացրել է դեպի Հայաստան օդային ճանապարհով բեռների տեղափոխման վրա սահմանված էմբարգոն։ «Ընկերությունը պաշտոնապես որևէ մեկնաբանություն չի տվել, թե ինչու էր Հայաստան տեղափոխվող բեռների համար էմբարգո սահմանել»,-ասացին ավիացիոն վարչությունում։

Ուշագրավ է, որ թեև կես ամիս եվրոպական երկրներից օդային ճանապարհով հնարավոր չի եղել բեռներ տեղափոխել Հայաստան, Եվրամիությունում Հայաստանի առևտրային ներկայացուցչությունում (նստավայրը Բրյուսել) ընդհանրապես այս մասին տեղյակ չէին։ «Օրակարգին» ներկայացուցչությունում ասացին, որ էմբարգոյի կամ սահմանափակումների սահմանման դեպքում ընկերությունները նախապես հայտարարություն են տարածում։ «Մենք որևէ ծանուցում կամ հայտարարություն ընկերություններից չենք ստացել»,- ասացին ներկայացուցչությունում։

Թեև Lufthansa-ն Հայաստանի ավիացիոն իշխանություններին տեղեկացրել է էմբարգոյի վերացման մասին, Բելգիայի գործարարները «Օրակարգին» փոխանցեցին, որ նոյեմբերի 29-ին չեն կարողացել Հայաստան թանկարժեք բեռներ տեղափոխել։

Մեկնաբանել