Հոկտեմբերին աճել է դրամային թե՛ վարկերի, թե՛ ավանդների ծավալը

Բանկերը և տնային տնտեսությունները սկսել են վստահել ազգային արժույթին, ինչին նպաստել է դրամի ամրապնդման գործոնը։ Հոկտեմբերին բանկերի կողմից տրամադրված վարկերի մոտ 60%-ը եղել է դրամային. դրամային ավանդների ծավալն աճել է Դ7,6 մլրդ-ով։

Հոկտեմբերին բանկային համակարգի կողմից տրամադրվել են Դ207 մլրդ-ի վարկեր, որից Դ122 մլրդ-ը՝ ազգային արժույթով։ Չնայած վարկավորման նման ծավալի՝ բանկերի վարկային պորտֆելն ավելացել է ընդամենը Դ5,5 մլրդ-ով՝ ամսվա վերջին կազմելով Դ1,53 տրլն։ Ընդհանուր պորտֆելի աննշան աճը պայմանավորված է նրանով, որ վարկառուները մարել են նախկինում ներգրաված վարկերը։

Թեև հոկտեմբերին բանկերն ավելի շատ դրամային վարկեր են տրամադրել, քան դոլարային, ամսվա վերջին ընդհանուր վարկային պորտֆելում դոլարային վարկերի մասնաբաժինը կազմել է 63,8%՝ սեպտեմբերի համեմատ նվազելով ընդամենը 0,2-տոկոսային կետով։

Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող «Առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալների» ամփոփ նկարագրից երևում է, որ հոկտեմբերին ձեռնարկություններն ավելի շատ վարկեր են մարել, քան ներգրավել։ Հոկտեմբերին բանկերի վարկային պորտֆելում ձեռնարկությունների վարկերի ծավալը կրճատվել է մոտ Դ5 մլրդ-ով։ Գրեթե հավասարաչափ կրճատվել է թե՛ արտարժութային, թե՛ դրամային վարկերի ծավալը։

Գյուղատնտեսական վարկային պորտֆելը հոկտեմբերին կրճատվել է Դ1,2 մլրդ-ով՝ ամսվա վերջին կազմելով Դ96,5 մլրդ։ Վարկային պորտֆելի կրճատումը պայմանավորված է գյուղատնտեսական սեզոնի ավարտով. մի կողմից վարկերն այդքան էլ պահանջարկված չեն եղել, մյուս կողմից՝ գյուղացիական տնտեսությունները մարել են նախկինում ներգրաված վարկերը։

Հոկտեմբերին Դ2,8 մլրդ-ով ավելացել է բանկերի կողմից հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վարկային պորտֆելը՝ հասնելով Դ73,3 մլրդ-ի։ Մշակող արդյունաբերության ոլորտում բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է Դ3,5 մլրդ-ով, շինոլորտի վարկային պորտֆելը՝ Դ1,4 մլրդ-ով, առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը՝ Դ4,2 մլրդ-ով։ Ընդ որում, եթե մանրածախ առևտրի վարկային պորտֆելը աճել է Դ3,77 մլրդ-ով, ապա մեծածախ առևտրի ոլորտինը կրճատվել է Դ8 մլրդ-ով։

Հաշվետու ամսում տնային տնտեսությունների վարկային պորտֆելն աճել է Դ6,4 մլրդ-ով՝ ամսվա վերջին կազմելով Դ536 մլրդ։ Աճն արձանագրվել է հիմնականում սպառողական վարկերի հաշվին, ընդ որում՝ էականորեն ընդլայնվել է քարտային վարկերի (օվերդրաֆտների) պորտֆելը։ Հոկտեմբերին գրեթե հավասարաչափ աճել է թե՛ դրամով, թե՛ արտարժույթով տրամադրված սպառողական վարկերի ծավալը։

Հոկտեմբերին բանկային համակարգում Դ10 մլրդ-ով աճել է նաև ավանդների ծավալը՝ ամսվա վերջին կազմելով Դ1,175 տրլն։ Ավանդների 70%-ը շարունակել են լինել արտարժութային, ընդ որում՝ արտարժութային ավանդների 58%-ը բաժին է ընկել տնային տնտեսություններին։ Ավանդների ծավալի աճը հիմնականում ապահովել է դրամային ավանդների պորտֆելի աճը՝ Դ7,6 մլրդ-ով։ Դրամային ավանդներ դրել են տնային տնտեսությունները, ընդ որում՝ ժամկետային։

Բնակչության կողմից դրամի նկատմամբ վստահության աճը պայմանավորված է մի քանի գործոնով։ Նախ՝ հոկտեմբերին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է միջինը 2 կետով։ Մյուս կողմից՝ բանկերը բարձրացրել են դրամային ավանդների տոկոսադրույքները։ Եթե սեպտեմբերին 1 տարի ժամկետով ավանդների միջին տոկոսադրույքը կազմում էր 11,72%, ապա հոկտեմբերին այն արդեն 11,92% էր։ Թեև դոլարային ավանդների միջին տոկոսադրույքը ամսական կտրվածքով աճել է 0,68-տոկոսային կետով, բնակչությունը նախընտրել է դրամային ավանդները. դրամային և դոլարային ավանդների միջև տոկոսադրույքի տարբերությունը մոտ 4-տոկոսային կետ է։

Մեկնաբանել