Սրբագրելով Լևոն Զուրաբյանի ծնողներին

Որոշ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ հեռուստալրատվամիջոցներ, Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին ներկայացնում են որպես Լյովիկ Զուրաբյան։ «Առաջին լրատվականի» և «Ժամի» եթերում անձամբ եմ տեսել, «Արմնյուզի» «Լուրեր»-ով ընկերս է տեսել։ Լևոն Զուրաբյանն ինձ անձամբ է ասել, թե սա ինչ հաշիվ է. «Ես որ Սերժի փեսուն Միշիկ եմ ասում, ինքն էլ հրահանգել է հեռուստալրատվամիջոցներին ինձ Լյովիկ ներկայացնեն»։ Այսպես։

Այսինքն՝ հեռուստալրատվամիջոցներին (և ոչ միայն) կառավարում է Միքայել Մինասյանը։ Լուսնից, իհարկե, չեմ իջել, բայց ո՛չ ՀՌԱՀ-ը, ո՛չ ՀՀՌՀ-ն պաշտոնապես չեն հայտարարել, որ բոլոր հեռուստաընկերությունների տեր ու տնօրենը Սերժ Սարգսյանի փեսան է։ Այսինքն՝ երկրում չկա այդպիսի մի կես փաստաթուղթ, որը թեկուզ նկուղային ճանապարհով վկայի, որ երկրի ղեկավարի փեսան գոնե կես հեռուստաընկերություն ունի։ Ուրեմն՝ ընդունենք, որ չունի, և Լևոն Զուրաբյանը ճիշտ չէ։ Բայց եթե ճիշտ չէ, ինչո՞ւ է «Լյովիկ Զուրաբյանը» համաճարակի պես դարձել հեռուստալրատվամիջոցների ենթագիր (титр)։ Եվ եթե ճիշտ չէ, ինչո՞ւ է միանգամից բոլոր հեռուստաընկերությունների համապատասխան լրագրողների գլխում ծագել նույն միտքը։ ԱԺ պաշտոնական կայքում Լևոն Զուրաբյանի էջում ոչ մի Լյովիկի մասին խոսք չկա, նույնիսկ մարդու էլեկտրոնային լրատվամիջոցն է անձնագրային անուն-ազգանունով՝ [email protected]:

Այսպիսով՝ ի՞նչ են արել լրատվամիջոցները՝ սրբագրել են ՀԱԿ համակարգողի հորն ու մորը, որոնք հենց Լևոն են դրել իրենց որդու անունը, և եթե տանը նրան նույնիսկ Լյովիկ են ասել, հաստատ նկատի չեն ունեցել այն Լյովիկը, որը կարդում ենք հեռուստալրատվամիջոցների ենթագրերում։ Ուրեմն՝ ինչո՞ւ են բոլորը խոսքները մեկ արել ընդդիմադիր գործչի անունը ոչ ճիշտ ներկայացնելու գործում։ Նախ նկատենք, որ նրանք էթիկայի միանգամից երկու խախտում են թույլ տվել՝ առաջին՝ անձամբ Լևոն Զուրաբյանից չեն պարզել, որ իրեն կարող են ներկայացնել այդպես, այսինքն՝ սխալ իմպրովիզացիայի են դիմել, երկրորդ՝ ոչ ոք որևէ հեռուստաընկերության եթերում չի լսել, որ Լևոն Զուրաբյանը հանրապետության թիվ մեկ փեսային անվանել է Միշիկ։ Այո՛, տարբեր հարցազրույցներում, ասուլիսներում և հանրահավաքներում պարոն Զուրաբյանն այդպիսի որակում արել է, և այդ որակումը տեղ է գտել որոշ ընդդիմադիր կայքերում և մամուլում։ Բայց այսօր ամենաընթերցվող կայքերից (ըստ circle.am-ի) երկուսում այդ անունը պատահում է մեկական անգամ՝ ապրիլի 20-ին։ Իսկ հեռուստալրատվամիջոցները արդեն քանիերորդ անգամ աղավաղում են ՀԱԿ համակարգողի անունը։

Հարց է առաջանում՝ ձեր ի՞նչն է Միքայել Մինասյանը, որ պաշտպանում եք նրա շահերը։ Եվ ձեր ի՞նչը չէ Լևոն Զուրաբյանը, որ արհամարհում եք նրա՝ սեփական անունով կոչվելու իրավունքը։ Եթե դուք ձեր ընտանիքներում Լևոն անունով հարազատ չունեք, դա ձեզ հիմք տալի՞ս է մարդու անունը դարձնել որակում։ Եվ եթե ունեք, չեք ամաչո՞ւմ ձեր այն հարազատի փոխարեն, որի անունը Լևոն է։ Եթե Զուրաբյանը ձեզ չի վիրավորել, ինչո՞ւ եք ուրիշի քմահաճույքների խոսափող դարձել։ Դո՞ւք եք Զուրաբյանին անվանակոչել Լևոն, որ այդքան հանգիստ սրբագրում եք այդ անունը։ Պարզ է, որ ինքն էլ Միքայել Մինասյանին չի անվանակոչել, բայց դա նրանց կռիվն է, որին դուք՝ հեռուստալրատվամիջոցներդ, մասնակից չեք, ձեզ չի սպառնում իշխանության կորուստը, ձեր անօրինական բիզնեսի մասին չի խոսում ՀԱԿ համակարգողը, ինչի՞ եք մեյդան ընկել։ Ի դեպ՝ նա նաև հաճախ խոսում է այն մասին, որ պետք է հեռուստադաշտը զերծ պահել առանձին վերցրած օլիգարխի կամ պետական պաշտոնյայի ճնշումներից։ Անձամբ ես հալած յուղի տեղ չեմ ընդունում այս խոսքերը, որովհետև իշխանությունը հենց բռնության հանդեպ հակումներով է իշխանություն։

Այնպես որ՝ հարգելի լրատվամիջոցներ, եթե դուք ձեր կռիվը չեք մղում, մի կողմ քաշվեք, վաղը նրանք կորոշեն ֆիզիկական հաշվեհարդարների անցնել, այդ դեպքում ո՞րը պիտի լինի ձեր դերը…

Մեկնաբանել