ՄԱԿ-ը Պաղեստինը ճանաչել է դիտորդ պետություն

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը շնորհավորանքներ է ընդունում․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Պաղեստինին կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակ տրամադրող բանաձևը։ 138 պետություն կողմ է քվեարկել, ինը՝ դեմ, 41 երկիր ձեռնպահ է մնացել, հաղորդում է Euronews-ը։

Քվեարկությանը նախորդել էր Մահմուդ Աբասի ելույթը։ Նա Գլխավոր ասամբլեային կոչ էր արել «կատարել իր բարոյական պարտքը»՝ Պաղեստինին տալ «ծննդյան վկայական»։

«Գազայում վերջին ագրեսիան ցույց տվեց, թե մենք որքան ունենք ազատության կարիք, և թե Իսրայելը որքան է հավատարիմ իր ռազմատենչ քաղաքականությանը, իսկ միջազգային հանրությունը պետք է խաղաղության ձգտի»,- ասել էր Պաղեստինի առաջնորդը՝ ընդգծելով, որ «Գազայի հատվածում վերջին ճգնաժամն ակնհայտ ցույց տվեց օկուպացիային հնարավորինս արագ վերջ դնելու և պաղեստինցի ժողովրդի իրնքնորոշման իրավունքի իրագործման կարևորությունը»,- ասել էր նա։

Մահմուդ Աբասը հայտարարել էր, որ «իր գործընկերների համագործակցությամբ՝ Պաղեստինի Ինքնավարությունը ձգտելու է ՄԱԿ-ում լիիրավ անդամակցության, իսկ ստանալով այն՝ հետևելու է կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»։

Գլխավոր ասամբլեայի որոշումը պաղեստինցիներն ընդունել են մեծ ոգևորությամբ։ Կարգավիճակի բարձրացումը դիտորդից դիտորդ պետության թույլ կտա նրանց մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին, կբարձրացնի նրանց՝ միջազգային տարբեր ֆորումների մասնակցելու և Միջազգային քրեական դատարանում հայցեր ներկայացնելու հավանականությունը։

Մեկնաբանել