Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումներ կունենա հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, տարածաշրջանային հիմնախնդիրներին: Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն բանակցությունների արդյունքներով դեկտեմբերի 1-ին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին, հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: