Հեղինակավոր իրավաբանը Օսկանյանի գործում քր. հանցագործության տարրեր չի գտել

Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարության և դրա բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից Սամվել Մամադովիչ Կոչոյին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայության կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործում հանցագործության նշաններ չի տեսնում: Այս մասին Կոչոյին հայտարարեց այսօր` լրագրողների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով այս գործով իր մասնագիտական եզրակացությունը:

«Չեմ կարող ասել, թե որն է քրեական հետապնդման մոտիվացիան: Եթե դա փողերի յուրացում լիներ, ապա որևէ մեկը պետք է դիմեր իրավապահ մարմիններին և բողոքեր, որ իրենից գողացել են գումար կամ ինքը տուժել է դրանից: Գործն ուսումնասիրելիս ես չգտա տուժողին: Օսկանյանը վատ մտադրություն չի ունեցել, նա ոչ միայն հետ է վերադարձրել այդ գումարը, այլև իր գումարն է ավելացրել»,- ասաց Կոչոյին՝ հավելելով, որ Հանթսմանի և Օսկանյանի միջև ամուր վստահություն է եղել և այդ պատճառով է, որ Հանթսմանը փողերը փոխանցել է Օսկանյանի և ոչ թե Սիվիլիթասի հաշվին:

«Տարօրինակ է, բայց գործի հարցուման ժամանակաշրջանը հանգեցնում է այն մտքին, որ այն հնարավոր է` կապ ունի նախագահական ընտրությունների հետ»,- նշեց Կոչոյին` հույս հայտնելով, որ Վարդան Օսկանյանին առաջադրված բոլոր մեղադրանքները կհանվեն:

Բանախոսը նկատեց, որ Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությունների այն կետերը, որոնցով մեղադրվում է ԲՀԿ ներկայացուցիչը, շատ նման են:

Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ Կոչոյիի եզրակացությունը ձեռնարկի տեսքով կներակայացվի նախաքննական մարմնին:

«Այս ամենը նրա համար է, որ որոշ իրավապահ անձինք չմտածեն, որ իրենք ամենախելոքն են»,- հավելեց Աթանեսյանը:

Փաստաբանը ներկայացրեց Օսկանյանի գործով մեկ այլ եզրակացություն ևս, որը պատրաստել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտը: Այն ստորագրել է այդ ինստիտուտի փոխտնօրեն, ՌԴ վաստակավոր իրավաբան Յուրի Շուլժենկոն: Այս եզրակացության համաձայն ևս` Օսկանյանի գործում հանցագործության տարրեր չկան:

Մեկնաբանել