Թուրքիան մեղադրում է Հայաստանին քուրդ զինյալներին աջակցելու մեջ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք աջակցություն են ցուցաբերում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալների` PKK-ին օժանդակող երկրներն են Հայաստանը, Իրան, Սիրիան և Իրաքը:

«Մենք գիտենք, որ ահաբեկչական կազմակերպությանը օժանդակող երկրներից է  Հայաստանը: Էրզրումի և Արարատի շրջանի զինյալներին Հայաստանում են բուժօգնություն տրամադրում»,- հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը: Հետաքրքրական է, որ պաշտոնական Անկարայի այս հայտարարության հիմքում թուրքական իշխանություններին արտասավոր պայմաններում հանձնված քուրդ զինյալի վկայությունն է:

Պաշտոնական Թուրքիայի` Հայաստանին մեղադրանք ներկայացնող այս քայլերը` նպատակ ունեն երկրում սրել հակահայկական տրամադրությունները: Բավական է նշել, որ թուրք նախարարի այս հայտարարությունից անմիջապես հետո թուրքական մամուլում հակահայկական բնույթի մի շարք հոդվածներ հայտնվեցին: Բացի այդ` Անկարան, մեղադրելով Երևանին ահաբեկչությանն օժանդակելու մեջ, հող է նախապատրաստում Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների իրականացման համար: Պետք է նշել, որ  հենց արցախյան պատերազմի տարիներին էր, որ Թուրքիան շարունակ մեղադրում էր Հայաստանին քրդերին աջակցելու մեջ:

PKK-ն ստեղծվել է 1978թ.` Աբդուլլահ Օջալանի գլխավորությամբ: Այն նպատակ ուներ միավորել Թուրքիայի, Սիրիայի, Իրանի և Իրաքի քրդաբնակ շրջանները և ստեղծել միասնական քրդական պետություն: PKK-ի թիրախում հայտնվեց Թուրքիան, որի դեմ էլ սկսվեց զինված պայքարը: 1999թ. Օջալանի ձերբակալությունից հետո PKK-ն հրաժարվեց անկախության գաղափարից, սակայն շարունակեց պայքարը քրդերի իրավունքների համար: Պայքարի հիմնական մեթոդը պարտիզանական կռիվներն են, չի բացառվում նաև ահաբեկչությունը: Թուրքիան, ՆԱՏՕ-ն, միջազգային մի շարք կառույցներ այն համարում են ահաբեկչական կազմակերպություն:

Հատկանշական է, որ Թուրքիայի այն բնակավայրերը, որտեղ քրդերը ցանկանում են անկախության հասնել, հիմնականում ընդգրկում է Արևմտյան Հայաստանի տարածքը: