«Քարերի սիմֆոնիայից» գողություն կատարած անձինք հայտնաբերվել են

Նոյեմբերի 29-ին մի շարք լրատվամիջոցներում հաղորդագրություն և տեսանյութ էր տարածվել, որոնցում խոսվում էր Գառնու տարածքում գտնվող «Քարերի սիմֆոնիա» համալիրի քարերը կոտրելու և գողանալու մասին, հաղորդում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից: Այդ հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերով նոյեմբերի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Գառնիի համայնքի ղեկավարը, որից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տարածված տեղեկատվության մեջ նշված քար կտրող անձինք են Գառնի գյուղի բնակիչներ, 1989թ. ծնված Ֆելիքս Մ.-ն, 1981թ. ծնված Սևակ Հ.-ն և 1981թ. ծնված Ջիվան Դ.-ն, որոնք նույն օրը` ժամը 22:15-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Գառնիի բաժանմունք և խոստովանել, որ ս/թ հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 6-7 անգամ, Ջիվան Դ.-ին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել:

Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել