ԼՂ հարցը` Ֆրանսիայի Սենատում

Նոյեմբերի 29-ին Ֆրանսիայի Սենատում կազմակերպվել է կլոր սեղան` «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն և երկխոսություն» խորագրով, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի Սենատի բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի անդամները, ֆրանսիացի սենատորներ, Սենատի պաշտոնյաներ, փորձագետներ և լրագրողներ:

Միջոցառումը բացել է բուլղար լրագրողուհի Ցվետանա Պասկալևան, որն, իբրև ականատես, հանդես է եկել պատերազմական իրադարձությունների մասին պատմող խոսքով, որից հետո ցուցադրվել է նրա «Կբացվի՞ արդյոք առավոտը Ղարաբաղում» ֆիլմը: 

Այնուհետև ծավալվել են քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են ԼՂ հիմնախնդրի պատմական և աշխարհաքաղաքական ասպեկտները, առանձին խոսքերով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն, ֆրանսիացի սենատորներ և հայ պատգամավորներ, ինչպես նաև պատմաբաններ ու փորձագետներ։

Կլոր սեղանի մասնակիցները կարևորել են Արցախի ժողովրդի անվտանգությունը, խստորեն դատապարտել ռազմատենչ հայտարարությունները, ընգծել Սաֆարովի զարհուրելի դեպքի անընդունելիությունը` ինչպես զուտ մարդկային արժեքների, այնպես էլ տարածաշրջանում փոխվստահության հաստատման տեսանկյունից։ 

Բանախոսներն առանձնակի շեշտել են, որ այլընտրանք չի կարող լինել խաղաղությանը, և որ ներկայիս հրամայականն է նախապատրաստել հասարակություններին ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության: