Սեփական առողջությունն աշխատանքային միգրանտների վերջին հոգսն է. շինարար

Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 1335 ՄԻԱՎ վարակակիր, ոչ պաշտոնական հաշվարկներով՝ շուրջ 3500-ը. նրանցից միայն շուրջ 1000-ը գիտի, որ ինքը վարակակիր է. «Կենտրոն» հեռուստատեսության «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակում նշեց «Վորլդ վիժըն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Անուշ Սահակյանը: ՄԻԱՎ վարակը Հայաստան գալիս է հիմնականում աշխատանքային միգրանտների միջոցով և տարածվում նրանց ընտանիքներում: Իսկ ընդհանրապես, առավել խոցելի խավ են համարվում թմրամոլները, որ հաճախ չեն հետևում մեկանգամյա օգտագործման ներակիչների օգտագործման կանոններին, սեռական անկանոն կյանք վարողները և հատկապես՝ համասեռամոլները:

Ըստ նրա՝ վարակվելուց 1-2 օր անց մարդը կարող է վարակը փոխանցել. այն չի փոխանցվի միայն հատուկ զգուշավորություն կիրառելու դեպքում: Նաև՝ պետությունն անվճար տրամադրում է ՄԻԱՎ վարակակիրների կյանքը երկարացնող դեղորայք: Սակայն այնուամենայնիվ, մարդիկ խուսափում են բժշկական հետազոտության գնալ, քանի որ այս հիվանդությունը համարում են ամոթալի՝ «խայտառակություն»:

Սահակյանը հաղորդեց, որ բավական ինտենսիվորեն տարածվում է ՄԻԱՎ վարակի մասին տեղեկատվություն թե դպրոցականների, թե ուսանողների շրջանում, ինչպես նաև գյուղերում, ուր ամենից շատ է խոցելի խավը՝ արտերկիր աշխատանքի մեկնած իրենց ամուսիններին սպասող կանայք:

Պարբերաբար Ուկրաինա՝ աշխատանքի մեկնող երիտասարդ շինարարը նշեց, որ արտերկրում իրենց աշխատանքի վերցնելիս պահանջում են ուկրաինական բժշկական հետազոտության փաստաթղթեր, որ հիմնավորեն, որ իրենք ՄԻԱՎ վարակակիր չեն: Սակայն, ըստ նրա, կարելի է արգելքը շրջանցել կաշառքով՝ գնել այդ փաստաթղթերը բժշկից: Աշխատանքային միգրանտներն, ըստ նրա, առհասարակ խուսափում են բուժհաստատություններին դիմել, քանի որ նույնիսկ ոչ այդքան լուրջ հիվանդություններ հայտնաբերելու դեպքում կարող են հետագայում աշխատանք չգտնել: Իսկ Հայաստան վերադառնալիս ոչ ոք չի պահանջում անցնել բժշկական հետազոտություն, ավելին՝ աշխատանքային միգրանտների հոգսերի ցուցակում իրենց առողջությունը վերջին տեղում է:

Մասնագետը նշեց նաև, որ ՄԻԱՎ վարակակիրների կյանքի միջին տևողությունը գրեթե նույնն է, ինչ՝ մյուսներինը: ՄԻԱՎ-ի խորացման կանխարգելման համար կիրառվում է «Արմենիկում»-ը. այն համարվում է իմունիտետը բարձրացնող դեղամիջոց, սակայն հիմնական դեղամիջոցներն այլ են: Նաև, կանայք հիվանդ երեխա լույս աշխարհ չեն բերում, եթե ՄԻԱՎ-ի դեղամիջոցներն են կիրառում, երեխային ունենում կեսարյան հատումով և հրաժարվում կրծքով կերակրել: «Կյանքի որակն էապես կարելի է բարելավել, եթե մարդը չխուսափի իմանալ և հաշվի առնել, որ ինքը վարակակիր է»,- եզրափակեց մասնագետը:

Մեկնաբանել