Նոր նշաձողեր Արցախի զբոսաշրջության համար

ԼՂՀ կառավարության 2012-2017 թթ. գործունեության հնգամյա ծրագրով նախատեսվում է զբոսաշրջիկների թվի եռակի ավելացում: Սա իրական թիվ է՝ հաշվի առնելով վերջին տարիներին զբոսաշրջիկների հոսքի անընդհատ մեծացումը: Ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն Երևան-Ստեփանակերտ օդային կապի վերականգնումից հետո: Այնուամենայնիվ, զբոսաշրջության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց ուղղությամբ հարկավոր է մոտեցումներ ունենալ:

Լրջագույն խնդիր է մնում զբոսաշրջային ենթակառուցվածքների հարցը: Չնայած վերջին տարիներին մեծ թափով զարգացող հյուրանոցաշինությանը՝ դրանց թիվը հատկապես զբոսաշրջային պիկ ժամանակահատվածում, ինչպես նաև տոնական օրերին, անբավարար է: Զբոսաշրջիկների և հյուրանոցային սենյակների թվի ավելացումն իրար համահունչ չէ. զբոսաշրջիկների թիվն ավելի արագ է աճում: Ստեփանակերտում և Շուշիում տարածված է նաև զբոսաշրջիկներին վարձով սենյակներ տալու պրակտիկան: Դրանց մի մասի պայմանները մնում են անբավարար: Միևնույն ժամանակ, Ստեփանակերտը մնում է որպես վարձով սենյակների և տների մեծ պահանջարկ ունեցող քաղաք: Հարկավոր է համակարգված մոտեցում ցույց տալ հյուրընկալությամբ զբաղվող անձանց՝ բարձրացնելու նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև էժան վարկերի ներգրավմամբ բարելավել զբոսաշրջիկների համար նախատեսված սենյակային պայմանները՝ նոր անձանց ներգրավելու այդ բիզնեսի մեջ:

Բիզնեսի կառավարման, զբոսաշրջային ոլորտի նրբություններին ծանոթացնելու համար հարկավոր է անընդհատ կազմակերպել տարբեր դասընթացներ: Ժամանակն է, որ նման գործունեությամբ զբաղվող անձինք միավորվեն և ակտիվ համագործակցեն ոչ միայն համալիր ծառայությունների մատուցման համար (գիդի, տրանսպորտի, հյուրընկալման), այլև օրենսդրական մակարդակում սեփական շահերի պաշտպանության, տարբեր հմտությունների և գիտելիքների բարձրացման համար:

Լրջագույն խնդիր է Արցախի որոշ շրջանների դուրս մնալը զբոսաշրջային երթուղուց: Զբոսաշրջիկներին սովորաբար խորհուրդ չի տրվում առաջանալ Նոր Շահումյանի շրջանում. նրանք ստիպված են բավարարվել միայն Դադիվանքով: Այնինչ Նոր Շահումյանի շրջանն իր Քարվաճառ կենտրոնով Արցախի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, որը հատկապես կգերի բնության սիրահարներին: Դեպի Քարվաճառ տանող ճանապարհի ոչ բարեկարգ լինելը նույնպես խոչընդոտ է:

Սպասարկման ոլորտը՝ ռեստորանների, զվարճանքի վայրերի որակը ևս կաղում է: Հարկավոր է ոլորտն ամբողջությամբ ազատականացնել և ստեղծել նպաստավոր պայմաններ սպասարկման նոր մշակույթի ներդրման համար:

Արցախը գովազդելու առումով ավելի մեծ դեր ունեն ոչ թե միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսները, այլև Արցախի մասին տարբեր նյութերը, լուսանկարները հայտնի բլոգներում, լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում: Հարկավոր է ժամանակ առ ժամանակ կազմակերպել տարբեր միջոցառումներ՝ Արցախ ներգրավելու համար հայտնի բլոգերների, լրագրողների և սոցցանցերի ակտիվիստների: Կարևոր է նաև Արցախի զբոսաշրջային նշանակություն ունեցող տարբեր բնակավայրերի և հուշարձանների վերաբերյալ նյութերի ստեղծումը Վիքիպեդիայի տիպի ռեսուրսներում:

Մեծ թվով զբոսաշրջիկներ կարող են ներգրավվել արցախյան տարբեր երիտասարդական, ուսանողական կազմակերպություններում, որոնք միջազգային տարբեր ցանցերի անդամներ են: Արցախում զանազան ամառային դպրոցների, սեմինարների կազմակերպումը ոչ միայն համեմատաբար երկար ժամանակով զբոսաշրջիկ ներգրավելու միջոց է, այլև տեղեկատվական լուրջ արդյունք ապահովող միջոցառում:

Զբոսաշրջիկների թվի եռապատկումը առաջիկա հինգ տարիներին, կարծում եմ, խնդիր չի լինի կառավարության համար: Այդ դեպքում Արցախում կունենանք տարեկան մոտ 40 հազար զբոսաշրջիկ (չհաշված ՀՀ-ից ժամանածները): Հարկավոր է ավելի մեծ նշաձող դնել: