Կազմակերպվում է սիրիահայերին ԵՄ օգնության տրամադրման գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ և «Օգնիր եղբորդ» հասարակական կազմակերպության համակարգող Վահան Հովհաննիսյանն ու ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նոյեմբեր 29-ին Բրյուսելի Եվրոպական միության խորհրդարանում աշխատանքային հանդիպում են ունեցել ԵՄ ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ Ռոթի Գրացա-Ցանկարոփուլուի հետ. տեղեկանում ենք Եվրոպայի արդարադատության և ժողովրդավարության հայկական դաշնության Facebook-յան էջից::

Տիկին Գրանցան ակտիվորեն զբաղվում է Սիրիայում մարդասիրական օգնության համակարգման և առաքման աշխատանքներով՝ գործակցելով ԵՄ համապատասխան ծառայությունների հետ: Վահան Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է Սիրիայում հայության առջև առկա դժվարությունները, ինչպես նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մեր հայրենակիցների ներկա վիճակը: Նա խնդրել է տիկին Գրացայի օժանդակությունը, որպեսզի ԵՄ-ի կողմից տրված մարդասիրական օգնությունը տրամադրվի նաև սիրիահայերին՝ Սիրիայում և Հայաստանում:

ԵՄ ներկայացուցիչը խոստացել է իր հնարավորության սահմաններում անել ամեն բան՝ մարդասիրական օժանդակությունն ապահովելու համար՝ միաժամանակ ցուցումներ տալով ձեռնարկել մի շարք քայլեր երկուստեք կատարվելիք աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու համար: Հանդիպման ընթացքում նա հեռախոսազրույց է ունեցել Սիրիայում Եվրոպական միության դեսպանի հետ՝ տեղեկացնելով նրան այս հանդիպման մասին, նշել, որ Բրյուսելից և Երևանից իրեն կհեռաձայնեն  և խնդրել, որ առավելագույնը կատարվի այս գործակցության ընթացքն ապահովելու համար:

«Վահան Հովհաննիսյանի աշխատանքային այցը Եվրոխորհրդարան լավագույն առիթն էր այս հանդիպումը կազմակերպելու համար, որովհետև թե Եվրամիությունը և թե մենք առիթ ունեցանք փոխանցել հավելյալ տեղեկություններ, ներկայացնել առաջարկներ և համագործակցության եզրեր որոնել: Այսպիսով շարունակում ենք Բրյուսելում արդեն սկսած քաղաքական մեր հանդիպումները՝ մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությանն առավելագույնս նպաստելու և մարդասիրական օժանդակություն ապահովելու համար»,- նշել է Գասպար Կարապետյանը: