Սահմանվել են հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության հիմնական ուղղությունները

Նոյեմբերի 26-ից 30-ը Երևանում անցկացվել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը. տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության գերատեսչությունների, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները:

Նիստը վարել են Հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը և բելառուսական մասի նախագահ, Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռ.Գոլովչենկոն: Նիստի ընթացքում Կողմերը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, քննարկել են հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի Արձանագրության կետերի կատարման ընթացքը՝ գնահատելով դրանք դրական:

Հանձնաժողովի նիստի ընթացքում համագործակցության շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների պաշտպանության նախարարությունների, այլ նախարարությունների և գերատեսչությունների մասով: Սահմանել են ռազմատեխնիկական համագործակցության հիմնական ուղղությունները:

Երևանյան նիստի շրջանակներում բելառուսական պատվիրակության անամներն այցելել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության հետագա զարգացման շուրջ:

Կողմերը բանակցել են նաև Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ներակայացուցիչների առողջարանային հանգստի կազմակերպման հարցերի շուրջ:

Նիստի արդյունքներով ստորագրվել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրությունը:

Հանձնաժողովի հաջորդ՝ երրորդ նիստը կանցկացվի 2013թ. Մինսկում:

Այցի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի անդամներն այցելել են Ցեղասպանության թանգարան, ծաղկեպսակ են դրել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Մեկնաբանել