ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ ԵՄ-ի հետ առկա է լիակատար փոխըմբռնում. Ս.Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

ՀՀ նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարել է.

«Պարո՛ն Նախագահ,

Ուրախ եմ առաջին անգամ հյուրընկալելու Ձեզ Երևանում: Ջերմությամբ եմ հիշում եմ մարտին Բրյուսելում կայացած մեր հանդիպումը և մեծապես գնահատում եմ մեր միջև ձևավորված կայուն երկխոսությունը: Ձեր այցը Հայաստան կարևոր խթան է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման համար:

Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել հայ ժողովրդի հոգում: Մենք դիտարկում ենք եվրոպական կառույցների հետ մեր փոխգործակցությունը որպես Հայաստանի ինստիտուցիոնալ ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն:

Եվ պատահական չէ, որ ես վերահաստատեցի Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը խորացնելու և զարգացնելու մեր հաստատակամությունը: Մեր նպատակն է մինչև 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովն ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, դրանով իսկ մեր հարաբերությունները հասցնելով նոր հանգրվանի:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ ավարտին են հասցվել ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այն կստորագրվի մի քանի օրից, և ակնկալում ենք, որ ուժի մեջ կմտնի մինչև 2013 թվականի կեսը: Դրանից հետո մենք պատրաստ կլինենք անցնելու հաջորդ ավելի բարդ փուլի քննարկմանը` մուտքի արտոնագրերի պահանջի վերացմանը: 2013 թվականի հունվարից ԵՄ երկրների քաղաքացիների համար կգործի առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելության կարգ: Այս գործընթացի նպատակը մեկն է` խթանել շփումը մեր հասարակությունների միջև, ավելացնել փոխայցելությունների թիվը, նոր հնարավորություններ բացել ուսանողների, գիտնականների, ստեղծագործողների համար:

Հանդիպման ընթացքում ես արտահայտեցի մեր համոզմունքն առ այն, որ անհրաժեշտ է խորացնել փոխգործակցությունն Արևելյան գործընկերության ձևաչափում: Փակ սահմանները, ուժի կիրառման սպառնալիքները, այլատյացությունն ու ռասիզմը տեղ չունեն 21-րդ դարում: Ավելին՝ մենք պետք է հայտարարենք զրոյական հանդուրժողականություն այդ չարիքների նկատմամբ մեր գործընկերության տարածքում: Մեր բոլոր հայտարարությունները և գործողությունները թերի են դառնում, երբ դրանց ֆոնին գործընկեր-պետություններից մեկը թշնամի է անվանում մեկ այլ գործընկերոջ ողջ ժողովրդին` ազգային ատելության մի դասական ու նողկալի օրինակ:

Մենք չենք կարող ձևացնել, թե նորմալ է, որ տնտեսական զարգացման նպատակով ձևավորած «Մեծ քսանյակ»-ի անդամ և Եվրամիության անդամակցության հայտ ներկայացրած Թուրքիան միակողմանի և ապօրինի կերպով փակի տակ է պահում Արևելյան գործընկեր Հայաստանի սահմանը: Դա ոչ միայն հակասում է գործընկերության պարզ տրամաբանությանը, այլև խախտում է միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքներն ու նորմերը: Եվրոպայում սահմանները չպետք է օգտագործվեն որպես բաժանարար գծեր:

Պարոն նախագահին ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ մեր պատկերացումները: Ուրախալի է, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵՄ հետ առկա է լիակատար փոխըմբռնում: Հայաստանը բազմիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը, հետևաբար մենք կարևորում ենք ԵՄ ներկայացուցիչների անմիջական շփումները Լեռնային Ղարաբաղի հետ, մասնավորապես նրանց պարբերական այցելությունները:

Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ձևաչափի շրջանակներում բաց և կառուցողական մթնոլորտում քննարկել և շարունակելու ենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ես հավաստիացրի պարոն Բարոզոյին, որ մենք հանձնառու ենք 2013 թվականի փետրվարին անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրություններ:

Շնորհակալություն հայտնեցի Նախագահ Բարոզոյին Հայաստանի բարեփոխումների ծրագրին աջակցության և «ավելին ավելիի համար» տրամաբանությամբ այդ աջակցությունն ավելացնելու պատրաստակամության համար: Քննարկեցինք հաջորդ տարի նախատեսված դոնորների համաժողովի նախապատրաստման ընթացքը:

Հարգելի՛ պարոն Բարոզո,

Ավարտելով խոսքս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման, Արևելյան գործընկերության ամրապնդման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հետևողական ջանքերի համար»,- նշել է նա:

Մեկնաբանել