Կոնգոյում վթարի է ենթարկվել Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, որի օդաչուները ՀՀ քաղաքացիներ էին: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ նախնական տեղեկություններով` 7 հոգանոց անձնակազմի անդամները զոհվել են, նրանցից հինգը Հայաստանի քաղաքացիներ էին: Նրանք պայմանագրային հիմունքներով աշխատում էին այնտեղ: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի տեղեկություններով՝ առայժմ հայտնի է միայն օդանավի հրամանատարի անունը՝ Վարազդատ Բալասանյան։
Մանրամասները ճշտվում են:
Trans Air Congo բեռնափոխադրող ավիաընկերության վարձակալած ինքնաթիռը նախնական վարկածով վթարվել է ուժեղ կայծակի պատճառով. օդանավի թևն ընկել է և այն բախվել է բնակել տներին: Նախնական տեղեկություններով` զոհվել է 30 մարդ, տուժել` 20-ը:
Իլ-76 ինքնաթիռը մայրաքաղաք Բրազավիլ էր թռել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից: Աղետից անմիջապես հետո Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանը փակվել է: Վթարի վայրում աշխատում են հրշեջները, փրկարարները և ոստիկանությունը: