«Դինո գոլդ մայնինգ»-ի թափոնաջրերը խառնվում են Գեղանուշ գետին

Այսօր առավոտյան «Իրավաբան.net»-ը ահազանգ է ստացել, որ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանից այն մասին, որ «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին:

Դեպքին տեղեկանալուց անմիջապես հետո «Իրավաբան.net»-ի հանրային թղթակիցները և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգողը անմիջապես միջոցներ են ձեռնարկել համապաստախան իրավասու մարմինների ուշադրությունը բևեռելու նշված միջադեպի վրա: Մասնավորապես, դեպքի մասին տեղեկացվել են Բնապահապանական պետական տեսչության Սյունիքի բաժնի և ԵԱՀԿ Սյունիքի տարածքային գրասենյակի աշխատակիցները, բնապահապանական գործունեությամբ զբաղվող այլ շահագրգիռ կառույցները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Տեղում ժամանած խումբը ֆիքսել է, թե ինչպես են «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի աշխատակիցները վերացնում վթարի հետևանքներով անհասկանալի քիմիական բաղադրություն ունեցող ապարախյուսը: «Խողովակների միացման հատվածում թուլացած կոնստրուկցիաների հետևանքով տեղի է ունեցել արտահոսք»,- «Իրավաբան.net»-ին հայտնել է Բնապահապանական պետական տեսչության Սյունիքի բաժնի պետ Լևոն Պետրոսյանը: 

Հիշեցնենք, որ Գեղանուշ գետը հանդիսանում է Ողջի գետի վտակը: Կայքը ներկայացնում է տեսանյութ, որից ակնհայտ է դառնում, որ խողովակաշարի վթարի հետևանքով փողոցը ևս ծածկվել էր մածուցիկ կեղտով, որը բանվորները բահերով հրում էին դեպի գետը: