Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանավակայանից 500մ հեռավորության վրա նոյեմբերի 30-ին` ժամը 19:00-ի մոտակայքում, վթարի է ենթարկվել հայկական «Ռիջ Էըուեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն իրականացնում էր տեղական ընկերության բեռների տեղափոխումը: Վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին տեղեկություններ Եգիպտոսում ՀՀ դեսպանության խնդրանքով փոխանցվել է Կոնգոյի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից: Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել:
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաղորդում է, որ զոհվել են Վարազդատ Բալասանյանը` օդանավի հրամանատար` ծնված 1949 թ. հոկտեմբերի 10-ին, Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննեսյանը, Անդրանիկ Գևորգյանը, Էդգար Ավետյանը` օպերատոր` ծնված 1989 թ. հոկտեմբերի 27-ին:
ՀՀ ԱԳՆ-ը խորը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը նախնական վարկածով վթարվել է ուժեղ կայծակի պատճառով. օդանավի թևն ընկել է, և այն բախվել է բնակելի տներին: Նախնական տեղեկություններով` զոհվել է 30 մարդ, տուժել` 20-ը: Իլ-76 ինքնաթիռը մայրաքաղաք Բրազավիլ էր թռել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից: Աղետից անմիջապես հետո Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանը փակվել է: