Հայկական ձայնը՝ Նյու Ջերսիից

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Սեթոն Հոլ համալսարանի տարածքում գործում է FM 89,5 հաճախականությամբ և 112 կմ հեռարձակման շառավղով ռադիո, որի եթերում յուրաքանչյուր կիրակի երկու ժամ կարելի է լսել հայերեն հաղորդումներ՝ հայերի համար, հայերի մասին: 1979թ. կամավորական հիմունքներով աշխատող Հայկական ռադիոժամի ստեղծման ակունքներում կանգնած է լրագրողի մասնագիտությունից հեռու Վարդան Աբդոն: 1970-ականների սկզբին նա ԱՄՆ էր եկել Իսրայելից՝ Սեթոն Հոլում մաթեմատիկա սովորելու նպատակով: Հետագայում սկսելով դասավանդել Սեթոն Հոլում՝ Վարդան Աբդոն հաստատվել է Նյու Ջերսիում:

  Ինչպե՞ս ստացվեց, որ մաթեմատիկայով զբաղվող մարդը որոշեց ռադիո հիմնել:

– Համալսարանի հետ առնչվելը ռադիոեթեր ստանալու հնարավորություն տվեց, ինչն էլ դարձավ իմ նվերը ԱՄՆ հայկական գաղութին: Առաջին տարիները դժվար էին. չունեինք փորձ և խորհրդատու, սակայն համայնքը ռադիո չուներ: Հայաստանին վերաբերող լուրերի քանակն անհամեմատելի էր այսօրվա հետ, երբ կա համացանց ու Ֆեյսբուք: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ դժվարությամբ էինք հայկական լուր ստանում և հայտնում: Կային տեղացի երաժիշտներ, որոնց շնորհիվ պահպանել ենք մեր հայկական ինքնությունը: Տիգրանակերտից, Պոլսից, Մերձավոր Արևելքից եկած ժողովուրդն ուներ իրեն հոգեհարազատ երգերը՝ ուդի ձայնը, ուստի մեր եթերում այդ երաժշտությունն էր հնչում: Այսօր արդեն ունենք մեր տպագիր շաբաթաթերթը, մեր հաղորդումները հասանելի են նաև համացանցում:

 Մի՞թե օգնող չկար:

– Արտերկրում համայնքի գործերը կառավարում են այնպիսի մեծ հաստատություններ, ինչպիսիք են եկեղեցին և բարեգործական միությունները, և «փոքր ձկները» արտահայտվելու հնարավորություն ու միջոց չունեն: Այստեղ մարդիկ քեզ վրա ուշադրություն են դարձնում միայն այն դեպքում, երբ քո գործն արդեն արմատներ է տվել և առաջնթաց է գրանցել: Հենց այս պատճառով էր, որ տարբեր բնագավառներում աշխատող կամավորները մեծ դժվարությամբ էին հաղորդումներ ստեղծում: Այդուհանդերձ՝ տարիների ընթացքում ազդեցիկ մի շարք հայեր մեզ թև ու թիկունք են եղել:

–  Ովքե՞ր են դարձել ռադիոյի «կորիզը»:

– Մեր շուրջ հավաքվեց երիտասարդների մի խումբ, որոնք ցանկանում էին պահպանել իրենց հայկական ինքնությունը՝ հայերեն արտահայտվելու միջոցով: Մեր ողնաշարը կազմել են այն երիտասարդները, որոնք ծնվել են հայապահպանությանը մեծ նշանակություն տվող ընտանիքներում: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ավարտելով դպրոցը՝ նրանք ցրվում են երկրով մեկ՝ տարբեր համալսարաններում սովորելու համար: Այդ խառնարանի մեջ ընկնելով՝ այս երիտասարդները հիմնականում կորցնում են կապը հայ համայնքի հետ:

Բայց չէ՞ որ Նյու Ջերսիում Հայ ուսանողների ասոցիացիա կա:

– Ինչպես ասում են՝ «Թմբուկի ձայնը հեռվից անուշ է հնչում»: Օրինակ՝ Սեթոն Հիլում մենք չունենք նմանատիպ միություն, բացի այդ՝ երիտասարդներից շատերը չունեն լեզվի անհրաժեշտ իմացություն և աշխատանքային փորձ:

 – Մինչդեռ գործում են հայկական դպրոցներ, մի՞թե աշակերտների շարքում ձեզ օգնել ցանկացողներ չկա՞ն:

– Բացի շաբաթօրյա դպրոցներից՝ Նյու Ջերսիում նաև գործում է Հովնանյանների վարժարանը, որը լավ երիտասարդներ է պատրաստում: Ամեն տարի դպրոցն ունենում է մոտ ութ շրջանավարտ, որոնցից շատերը զբաղված են իրենց անձնական գործերով: Մեծ հեռավորությունները շատերին թույլ չեն տալիս առավել ակտիվ զբաղվել համայնքում հասարակական գործունեությամբ: Օրինակ՝ Կատյան ու Լորին մեր երիտասարդ կամավորներն են, որոնք բավական մոտ են ապրում՝ մեքենայով՝ մոտ 45 րոպե: Նրանք օգնում են մեզ, և դրանում մեծ է նրանց ծնողների լուման, ովքեր կարևորում են իրենց զավակի հայ մնալը:

– Ո՞վքեր են ձեր ունկնդիրները:

– Մեր հաղորդումները երկլեզու են, քանի որ ունկնդրողների 60-70 տոկոսը հայախոս է, մյուս մասը՝ անգլախոս: Հետևաբար՝ ստիպված ենք ամենահետաքրքիր հարցազրույցներն անգլերեն հեռարձակել: Սա մեր այսօրվա ցավն է:

– Կարելի՞ է ասել, որ համայնքը կորցնում է հայերենը:

– Ակնհայտ է, որ հայ համայնքն անցնում է այն նույն ճանապարհը, ինչ անցել են ազգային այլ փոքրամասնությունները, ասենք՝ իռլանդացիները կամ իտալացիները, որոնք, ինտեգրվելով ամերիկյան հասարակությանը, ձուլվել են: Եկեղեցին գաղութը պահպանելու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում, սակայն այն ամենազորը չէ. այստեղ  շատ բան կախված է ընտանիքից: Հայ պետք է լինել գիտակցաբար՝ ոչ միայն հայկական անուն կրելով: Ժամանակի ընթացքում այս «օվկիանոսում» լուծվելը անխուսափելի է դառնում:

– Նկատել եմ, որ ԱՄՆ հայ համայնքը բաժանված է «hայաստանցիների» ու «ամերիկացիների», նրանց միջև մեծ անջրպետ կա: Սա իրականությու՞ն է, թե՞ սուբյեկտիվ կարծիք:

– Սա տարածված երևույթ է, երբ միևնույն ազգի ներկայացուցիչները բաժանվում են բևեռների. մի կողմից այդ երկրում հաստատված և կազմակերպված հասարակությունն է, մյուս կողմից՝ դրսից եկածները: Այստեղ գաղութը հիմնադրել են Ցեղասպանությունից հետո ԱՄՆ եկած հայերը, որից հետո եղել են մի քանի նոր ալիքներ՝ Մերձավոր Արևելքից, Խորհրդային Միությունից, այլ երկրներից, և ամեն մի նոր խումբ դժվար է ընդունվել իրենից առաջ եկածների կողմից: Օրինակ՝ ամերիկահայը մինչև այսօր դժվարությամբ է ընդունում Լիբանանից եկած հային, վերջինս էլ իր հերթին դժվար է ընդունում Հայաստանից եկածին:

Ինչու՞:

– Առկա է հասարակական ու տնտեսական գործոնը, երբ չես կարող հարուստին ու բանվորին նույն խավին դասել. միայն հայ լինելով՝ խնդիրը չես լուծի: Իր ճանապարհին դժվարություններ հաղթահարածը հաջորդից ակնկալում է, որ նա էլ անցնի իր ճանապարհը: Սակայն նշեմ, որ լիբանանահայությունը բացառություն է. 1970-ականներին Լիբանանից եկած հայերը մյուսների պես ձեռնունայն չէին, բավականաչափ միջոցներ ունեին, ինչը նրանց ձայնի իրավունք է տվել:

– Ի՞նչ կասեք Հայաստանից եկած հայերի մասին:

– Անշուշտ, մեզ անչափ ուրախացրեց Հայաստանի անկախացումը, սակայն դրանից հետո ԱՄՆ ներգաղթեց մարդկանց մի խավ, որը, հաստատվելով հայաստանյան լեզվով ասած՝ «Լոսում», այնտեղ վատ համբավ ձեռք բերեց և առաջացրեց ամերիկահայության դժգոհությունը: Անսովոր է լրատվամիջոցներում հայերի մասին լսել «մաֆիա» և նման կարգի այլ բառերը: Ավելին՝ տհաճ է իմանալ, որ հազարավոր հայաստանցիներ ամերիկյան բանտերում են: Դժբախտաբար, Հայաստանից եկած այդ խումբը բացասական ստվեր է գցում Հայաստանից եկած համեստ ու կրթված հայերի վրա, ովքեր այս ամենի հետևանքով չեն կարողանում կապ հաստատել Ամերիկայի մնացած հայերի հետ: Այս երևույթը բնորոշ է ոչ միայն Ամերիկային. այսպես օրինակ՝ 1920-ականներին Երուսաղեմում դրանից տասը տարի առաջ գաղթածները, որոնք արդեն քաղաքացի էին, նորեկների մասին ասում էին «գաղթականները եկան առանց վարտիք, դարձան մարդիկ» կամ 1947-ին Խորհրդային Հայաստան գաղթածներին «ախպար» էին անվանում:

Տխրեցնում է նաև այն փաստը, որ Հայաստանում հաստատված մտավորականները ու գործարարները խաբվում կամ թալանվում են, երբ փորձում են ինչ-որ գործունեություն ծավալել: Պատահում է նաև, որ այստեղից ուղարկված օգնությունը տեղ չի հասնում: Առանց ուշադրության չեն մնում նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, օրինակ՝ «Հարսնաքարի» դեպքը: Այս ամենը մեծ դժգոհություն է առաջացնում այստեղ, ինչն էլ անդրադառնում է Հայաստանից եկած հայերի հետ հարաբերությունների վրա:

– Հիմնականում Հայաստանից ԱՄՆ գաղթողները բնակվում են Լոս Անջելեսի շրջակայքում: Ինչպե՞ս կբնութագրեիք ԱՄՆ արևմտյան ափին բնակվող միջին վիճակագրական հային: Ո՞վ է նա:

– Այստեղ եկածների առաջին սերունը գորգավաճառությամբ ու հագուստի չոր մաքրմամբ էր զբաղվում, հաջորդ սերունդները հիմնականում տնտեսագիտությամբ ու բիզնեսով զբաղվողներն էին: Այսօր բավականաչափ շատ են հարուստ մարդիկ: Մի խնդիր եմ ուզում նշել. հայապահպանության գործում, անշուշտ, մեծ է եկեղեցու դերը, սակայն նրա նյութական հնարավորությունները կախված են ազդեցիկ հայերից, որոնց տեղեկացվածությունը հայության իրական խնդիրների մասին բավական սահմանափակ է: Այս մարդիկ կարծում են, որ իրենք են տերն ու տիրակալը և միայն իրենք գիտեն համայնքի իրական խնդիրները:

Այնպես որ՝ ունենք հայության մասնատվածության դասական պատկեր՝ համայնք, որը ցանկանում է միասնական լինել, բայց չգիտի, թե ինչպես:

Անահիտ Մինասյան, Նյու Ջերսի