Ամստերդամում քիչ առաջ ավարտված «Մանկական եվրատեսիլ» մրցույթին Հայաստանը ներկայացնող Compass Band խումբը՝ իր Sweetie Baby երգով գրավեց երրորդ հորիզոնականը:
Առաջին տեղում վստահ հանգրվանեց Ուկրաինան: Երկրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանը, չորրորդը՝ Ռուսաստանը:
Հայաստանը ներկայացնող Compass Band-ը հանդես եկավ ութերորդ համարի ներքո: Հայաստանի քվեարկության արդյունքները Երևանից հաղորդեց խմբի անդամ Միքայել Վարոսյանը, որը Հայաստանում մասնակցել էր մրցույթի նախընտրական փուլին, սակայն չէր մեկնել Նիդեռլանդներ, քանի որ նրա տարիքը չէր համապատասխանում մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներին:
Հայաստանին ամենաշատ՝ 12-ական միավոր տվեցին Ուկրաինան և Վրաստանը: Նիդեռլանդները, Ռուսաստանը, Իսրայելը և Բելառուսը տվեցին 10-ական միավոր, Բելգիան՝ 7, Շվեդիան՝ 6, Ալբանիան և Մոլդովան՝ 3-ական միավոր: Ադրբեջանը, ինչպես և ակնկալվում էր, Հայաստանին որևէ միավոր չտվեց:
Հաղթողն ընտրվեց ամբողջ Եվրոպայի հեռուստադիտողների, ժյուրիների և երեխաների հատուկ ժյուրիի քվեարկությամբ: Երկրները՝ ըստ զբաղեցրած տեղի և հավաքած միավորների, ներկայացված են ստորև.
- Ուկրաինա՝ 138 միավոր,
- Վրաստան՝ 103 միավոր,
- Հայաստան՝ 98 միավոր,
- Ռուսաստան՝ 88 միավոր,
- Բելգիա՝ 72 միավոր,
- Շվեդիա՝ 70 միավոր,
- Նիդեռլանդներ՝ 69 միավոր,
- Իսրայել՝ 68 միավոր,
- Բելառուս՝ 56 միավոր,
- Մոլդովա՝ 52 միավոր,
- Ադրբեջան՝ 49 միավոր,
- Ալբանիա՝ 35 միավոր: