Սիրիական բանակը կրկին վերահսկում է Դամասկոսի օդանավակայան տանող մայրուղին

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավային և արևելյան հատվածներում սիրիական զինված ուժերը մարտեր են սկսել գրոհայինների դեմ: Դեկտեմբերի 2-ի առավոտյան հարյուրավոր գրոհայիններ և վարձկաններ են սպանվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կանոնավոր բանակը, ավիացիայի և հրետանու օգնությամբ, հետապնդում է գրոհայիններին Արևելյան Ղուտայի, Հարաստայի, Շեյֆունիայի, Դումայի շրջաններում: Սիրիացի զինծառայողները շրջապատել են Դարան, որտեղ կենտրոնացած են «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող «Ջեբհատ ան Նուսրա» խմբավորման անդամները:

Դամասկոսի միջազգային օդանավակայան տանող մայրուղու նկատմամբ վերահսկողությունը վերականգնվել է: Սիրիական ավիաուղիներ ընկերության գլխավոր տնօրենը հաստատել է, որ օդային ճանապարհը «գործում» է, և միջազգային ավիափոխադրող ընկերությունները կարող են վերականգնել թռիչքները դեպի Դամասկոս: Արաբական «Ալ Վաթան» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սիրիայի Ազատ բանակը գրավել է օդանավակայան տանող երկրորդ մայրուղու մոտ գտնվող զինվորական անցակետը: «Ալ Ջազիրան» էլ վստահեցրել է, որ գրոհայինները նախօրեին Սիրիայի ԶՈՒ-ի կործանիչ ինքնաթիռ են ոչնչացրել, ինչը, սակայն, չի հաստատվել Դամասկոսի զինվորական աղբյուրների կողմից:

Սիրիայի քաղաքներում շարունակվում են պայթյունները: Վերջին 24 ժամվա ընթացքում Սիրայում զոհել է 43 խաղաղ բնակիչ, 46 գրոհային և 27 զինծառայող:

Մեկնաբանել