Երևանում և Գյումրիում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ են

Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում ընթանում են Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունները:
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, Հայաստանի կանաչների միությունը ներկայացնող Արմենակ Դովլաթյանը և ինքնառաջադրված գործազուրկ Էդուարդ Պետրոսյանը, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը:

Ավանում գրանցված չորրորդ թեկնածուն՝ Հայաստանի կանաչների միության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ինքնաբացարկ է հայտարարել:
Ավանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավորական լրացուցիչ ընտրություններ անցկացնելու մասին որոշում է կայացվել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 28-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, այս ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ին պատգամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց:

Թիվ 1 ընտրատարածքում ընտրողների թիվը 64 758 է:

Թիվ 35 ընտրատարածքում գրանցված թեկնածուներն են «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՀԿ-ական Արման Սահակյանը և Հայոց համազգային շարժումը ներկայացնող Մուրադ Գրիգորյանը: Նախկինում ինքնառաջադրված թեկնածու Արման Խաչատրյանը, որը «Վիդիս դիսթրիբյուշն» ընկերության շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավարն է, ինքնաբացարկ է հայտարարել:
Թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շիրակի մարզի 16 համայնքները և Գյումրիի մի մասը, ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ նշանակվեցին այս ընտրատարածքում Սամվել Բալասանյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու և Գյումրիի քաղաքապետի լիազորությունները ստանձնելուց հետո:

Ընտրատարածքում ընտրողների թիվը 55 571 է, իսկ ընտրատարածքների թիվը՝ 45:

Մեկնաբանել