Հայրենիքը նաև այբբենարանից է սկսվում

Աշխարհաճանաչողության սկզբնաքարերից մեկն է տառաճանաչությունը, որով սկիզբ է դրվում մեր աշխարհընկալմանն ու լեզվամտածողությանը: Սրանով էր պայմանավորված մեր ցանկությունը՝ զրուցելու Վաչագան Սարգսյանի հետ, որը հեղինակն է այսօր մեր հանրակրթական դպրոցների մեծ մասում գործածվող այբբենարանի: 1998թ. լույս տեսած նրա «Այբբենարանը» որոշ փոփոխություններով գործածվում է մինչ օրս։ Նա միաժամանակ համահեղինակ է «Մայրենիի» և «Մաթեմատիկայի» I-IV դասարանների դասագրքերի:

– Պրն Սարգսյան, ակամա առաջին հարցն է ծնվում. ինչպե՞ս է բացատրելի մաթեմատիկոս-լեզվաբան երևույթը։

– Փորձեմ սկզբում կատակով բացատրել: Աստղանշանով ես երկվորյակ եմ, որը միաժամանակ երկու բնույթ է ենթադրում: Իսկ եթե ավելի լուրջ՝ համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո լեզվական առումով պակասը լրացրել եմ թե՛ նույն, թե՛ այլ բուհերի համապատասխան բաժիններում սովորելով, ինչպես նաև ինքնակրթությամբ:

Հիշում եմ՝ ֆունկցիոնալ անալիզի քննության գնալիս Ֆիխտենգոլցի փոխարեն Աճառյան էի կարդում: Թե՛ այբբենարանը, թե՛ մաթեմատիկայի դասագրքերը գրելիս առաջին հերթին կամեցել եմ, որ երեխան սիրի դասագիրքը: Ըստ իս՝ աշխարհաճանաչողության լավագույն բանալին երեխայի հետաքրքրասիրությունն է: Եթե կարողացար դասագրքերի միջոցով գրգռել երեխայի այդ հատկությունը, նա ակամակսկսի սովորել:

– Ի՞նչ սկզբունքներ են ընկած Ձեր «Այբբենարանի» հիմքում։

– Թե՛ այբբենարանը, թե՛ իմ մյուս դասագրքերը կառուցված են հետաքրքրաշարժության, խաղային տեխնոլոգիաների հիման վրա: Երբ 1998թ. «Այբբենարանն» առաջին անգամ մտավ դպրոց, շատերն ընդդիմացան՝ գրելով բազմաթիվ հոդվածներ՝ «Խաղագիրք, թե՞ Այբբենարան» վերտառությամբ: Անցավ տասը տարի, և նույն հեղինակներն իրենց գրքերում սկսեցին կիրառել խաղային մեթոդներ՝ սկսած խաչբառերից, վերջացրած մյուս հնարքներով: Այսինքն՝ նրանք հասկացան, որ մեր ժամանակներում պիտի որոնես ու գտնես երեխային գրքի հետ կապող նոր միջոցներ: Չէ՞ որ հիմա շատ բան է փոխվել. ցածր դասարաններում աշակերտն այլևս չի գնահատվում, ուսուցչի հանդեպ ևս չկա նախկին վերաբերմունքը: Առաջ է եկել նաև գայթակղության մեծ դաշտ՝ համակարգիչներ, հեռուստացույց, ձեռքի հեռախոսներ և այլն: Այս մթնոլորտում մեծ արվեստ և նորանոր հնարքներ պետք է բանեցվեն երեխային գրքի հետ կապելու համար:

– Ու որո՞նք են այդ հնարքները։

-Խոսքը հետաքրքրաշարժ խնդիրների, լեզվատրամաբանական առաջադրանքների, հանելուկների, շուտասելուկների, խաղիկ-տաղիկների մասին է: Դրանք յուրատեսակ խայծեր են, որոնք կհետաքրքրեն դպրոցականին: Իմ դասագրքերում թե՛ խաչբառը, թե՛ որևէ խաղ զուտ ժամանցի համար չի դրված. դրանք, բոլորն անխտիր, ուսումնական են և ինչ-որ բան են սովորեցնում: Օրինակ՝ տարրական դասարաններում շատ դժվար է երեխային սովորեցնել, որ բառը բաղկացած է հնչյուններից: Նա բառն ընկալում է որպես մեկ միասնություն, և նրա համար շատ դժվար է տարրալուծել այն: Մինչդեռ սա շատ դյուրին է բացատրել խաչբառերով, բառ-պատկերների միջոցով: Կարևոր է նաև, որ երեխան կարողանա իր գիտելիքները կիրառել ոչ ստանդարտ իրավիճակներում: Փոքրուց պիտի փորձենք աշակերտների մտածողությունը բազմակողմանի դարձնել, նույն երևույթին տարբեր կողմերից նայել սովորեցնել: Ես հաճախ եմ շրջում մեր դպրոցներով և ուրախությամբ եմ տեսնում, որ ցանված սերմերն արդեն ծիլեր են տալիս: Մնում է, որ ուսուցիչները լավ կարողանան մատուցել նյութը:

Շատ եմ կարևորում նաև տարրական դասարանների աշակերտների մոտ հայրենասիրության սերմանումը: Այդ պատճառով հաճախ եմ հատուկ տեքստեր գրում՝ նվիրված անցյալի ու ներկա մեր մեծերին: Գործադրում եմ նաև այլ հնարքներ, որպեսզի երեխան ուշադիր կարդա գրվածը։ Այսպես՝ նրա սիրած հերոսին մի իրավիճակում եմ դնում, որից դուրս գալու ելքը ինքը պիտի որոնի: Նա այդ հերոսին օգնելու համար պիտի լուծի հանելուկը, ուզի-չուզի՝ մեկ անգամ ևս ուշադիր կարդա տեքստը, ըմբռնի այն խորությամբ։

– Ասացիք, որ մշտապես այցելում եք դպրոցներ, հանդիպում աշակերտների ու ուսուցիչների հետ։ Ի՞նչ են տալիս Ձեզ այդ հանդիպումները։

– Նպատակս հիմնականում դասալսումներն են: Շատ հաճելի է, երբ երկխոսության մեջ եմ մտնում աշակերտների հետ, բացատրում դասը: Մեկ անգամ ևս համոզվում եմ, որ եթե որևէ գաղափար երեխային չի հասնում, մենք ենք մեղավոր: Պիտի կարողանաս գտնել դեպի փոքրիկի սիրտը տանող ճանապարհը: Հենց ուսուցիչների հետ հանդիպումներս մղեցին, որ հրատարակեմ «Երգող այբուբեն» նոր գիրքս:

– Ինչո՞վ է այն տարբերվում նախկինում լույս տեսած Ձեր և այլոց համանման գրքերից։

– Թեկուզ նրանով, որ թե՛ բանաստեղծությունները, թե՛ երգերը միայն տառերի մասին չեն. շատ բանաստեղծություններ կան նաև լեզվական այնպիսի իրողությունների մասին, ինչպիսիք են՝ հնչյունը, վանկը, բառը, նախադասությունը, նույնիսկ խոսքի մասը և այլն: Յուրաքանչյուր տառի համար ես մի բանաստեղծություն եմ գրել, որոնք բոլորը պիտի երգ դառնան (համագործակցում եմ երգահան Արեգ Լուսինյանի հետ): Հայոց տառերը այս գրքում բոլորովին նոր տեսանկյունից են ներկայացված: Դրանք նախ և առաջ ուսումնական բանաստեղծություններ են, որոնք շատ դեպքերում համեմվում են հումորով, հետաքրքիր մեկնաբանություններով, անսպասելի զուգորդումներով: Ուսուցիչները հաճախ են ասում, որ չափածո տեքստը և երգը օգնում են լեզվական իրողությունները արագ յուրացնելուն:

– Փաստորեն, Ձեր՝ բանաստեղծ լինելու հանգամանք ևս օգնո՞ւմ է դասագրքեր գրելուն։

– Իհարկե: Ունեմ թե՛ բանաստեղծական ու արձակ, թե՛ հրապարակախոսական մոտ 10-11 գիրք: Առանձնացնեմ. օրինակ՝ «Պատկերագիրք այբուբենը», որը 2000-ից մինչև 2012-ը լույս է տեսել վեց անգամ: Դրա «հերոսները» դարձյալ մաշտոցյան տառերն են: Շուտով տպագրելու եմ նաև բանաստեղծություններիս հատընտիրը՝ շուրջ 300 էջ ծավալով:

– Ձեզանից տեղեկացա, որ մեր օրերում, դասագրքերից բացի, հրատարակվում է հարուստ ուսումնաօժանդակ գրականություն: Ի՞նչ կասեք այդ մասին։

– Իրոք, այդպես է: Միայն «Այբբենարանի» հետ ու դրան զուգահեռ՝ ուսուցչի ձեռքի տակ 20-25 ուսումնաօժանդակ նյութ կա: Այսինքն՝ մեր ուսուցիչը բավականաչափ զինված է այսօր: Նմանօրինակ գրքեր մեր սերունդը կերազեր ժամանակին ունենալ:

Ես երկար տարիներ աշխատել եմ «Լույս» հրատարակչությունում որպես գլխավոր խմբագրի տեղակալ, և երբևէ չի եղել մի տարի, որ կարողանայինք այսքան առատ, գեղեցիկ ու բազմազան գրականություն հրատարակել:

– Այդ դեպքում ինչո՞ւ մեր նորահաս սերունդը, մեղմ ասած, այդքան վատ է խոսում հայերեն:

– Շատ ցավոտ հարց է: Ես աշխատել եմ մինչև 4-րդ դասարանի աշակերտների հոգում սեր ու հայրենասիրություն պատվաստել, լայնախոհություն, ազգային ու համամարդկային արժեքներ դաստիարակել: Մեծանալով, սակայն, արտաքին ազդակները, հատկապես հեռուստատեսությունը, սկսում են ավելի շատ ազդել մեր երեխաների վրա:

Տարիներով սովորածը շատ արագ հօդս է ցնդում: Հետո՝ վատ բանը միշտ էլ ավելի վարակիչ է: Հասուն մարդիկ հազիվ են կարողանում դիմակայել այդ արշավին: Մինչդեռ դեռահասները, չունենալով այդ ներքին պաշտպանիչ շերտերը, ցավալիորեն արագ են տրվում արտաքին հովերին: Իմ համոզմամբ՝ ո՛չ շումերներն ու ասորիները, ո՛չ հռոմեացիներն ու բյուզանդացիները, ո՛չ էլ թուրքերը ու պարսիկները չեն կարողացել դարերով այն ավերածությունը լցնել հայի հոգին ու սիրտը, ինչպես այսօր անում են մեր հեռուստագործիչները…

Զրուցեց Լևոն Լաճիկյանը

Մեկնաբանել