ՀՀԿ թեկնածուները հաղթել են ԱԺ լրացուցիչ ընտրություններում

Լուսանկարում՝ ձախից՝ «Շիրակ» ՖԱ Արման Սահակյանը, armsport.am

Դեկտեմբերի 2-ին ին Ազգային ժողովի մեծամասնական տեղերի համար լրացուցիչ ընտրություններին, որոնք կայացել են Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվարկների, հաղթել են հանրապետական թեկնածուները՝ Արման Սահակյանը Շիրակի թիվ 35 ընտրատարածքում, Ռոբերտ Սարգսյանը՝ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում:

Թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում քվեարկությանը, ըստ ԿԸՀ տվյալների, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների համապատասխանաբար շուրջ 37 և 31 տոկոսը։

Թիվ 1 ընտրատարածքում ընտրություններին մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը, Ստյոպա Սաֆարյանը («Ժառանգություն» կուսակցության քարտուղար) և Էդուարդ Պետրոսյանը (Հայաստանի ժողովրդական կուսակցություն): Ըստ ԿԸՀ տվյալների` Ռոբերտ Սարգսյանը ստացել է 18 805 քվե, Ստյոպա Սաֆարյանը` 3 680 քվե, իսկ Էդուարդ Պետրոսյանը` 461 քվե:

Թիվ 35 ընտրատարածքում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի հետ մրցում էր «Հայոց համազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը: Արման Սահակյանը ստացել է 13 337, Մուրադ Գրիգորյանը` 3237 քվե:

Մեկնաբանել