Yahoo!-ն տուգանվել է $2,7 մլրդ-ով

Մեքսիկայի դատարանը $2,7 մլրդ-ով տուգանել է ամերիկյան Yahoo! ընկերությանը մեքսիկական Worldwide Directories և Ideas ընկերությունների հետ ստորագրած պայմանագրերի խախտման համար: Այս ընկերություններին են պատկանում «դեղին էջերի» տեղեկատուն: Ըստ հայցվորների՝ ամերիկյան ընկերությունը խախտել է պայմանագրերի պայմանները՝ պատճառելով խոշոր վնասներ: Yahoo!-ի հաղորդագրության համաձայն՝ Մեքսիկայի 49-րդ քաղաքային դատարանի որոշումը նախնական բնույթ է կրում: Ընկերության իրավաբանների խոսքով՝ մեքսիկացիների պահանջները չհիմնավորված են, և իրենք մտադիր են բողոքարկել վճիռը:

Այս տուգանքը Yahoo!-ի կապիտալիզացիան կարող է նվազեցնել 1,8%-ով՝ զգալիորեն ազդելով ընկերության ֆինանսական վիճակի վրա: Այսպես՝ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում ընկերության հասույթը կազմել է $1,2 մլրդ: Bloomberg-ի տվյալների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի դրությամբ ընկերության կանխիկ, ինչպես նաև կարճաժամակետ իրացվելի արժեթղթերի ծավալը կազմել է $8,41 մլրդ: Yahoo!-ի նոր գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը 12%-ով կրճատել է ընկերության անձնակազմը՝ 12 հազ. աշխատակից՝ նվազեցնելով նաև ընկերության գործառնական ծախսերը: Նոր արտադրանքի նախագծումների ծախսերը նվազեցվել են 5,2%-ով՝ մինչև $217,3 մլն, և մարկետինգի ու գովազդի համար ծախսերը կրճատվել են 7,3%-ով՝ մինչև $269,3:

Yahoo!-ն ստեղծվել է 1994թ.՝ որպես ինտերնետային որոնողական ծառայություն: Ներկայում ընկերությունը ինտերնետային բազմաթիվ ծառայություններ է առաջարկում, որոնցից ամեն ամիս օգտվում են շուրջ 700 մլն օգտատերեր:

Մեկնաբանել