Ուղղակի ներդրումները Հայաստանում կրճատվել են կիսով չափ

Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան Հայաստանում գործարար միջավայրի ու բիզնեսավարման պայմանների բարելավում են արձանագրում, այնինչ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը էապես կրճատում են ներդրումների ծավալը։ Ըստ Doing Business-2013 զեկույցի՝ 85 երկրների շարքում գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը։ Եվ սա այն դեպքում, երբ զեկույցի ենթացուցիչներից մեկը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, Հայաստանում կրճատվել է մոտ կիսով չափ։

Ազգային վիճակագրական ծառայության «Օտարերկրյա ներդրումները 2012թ. հունվար-սեպտեմբերի» հրապարակման համաձայն՝ այս տարվա ինը ամիսներին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է $391,1 մլն, ինչը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 35,2%-ով։ Ուղղակի ներդրումների ծավալը այս ընթացքում կազմել է $221,3 մլն՝ 2011թ. ինը ամիսների համեմատ նվազելով 53,8%-ով:

Մեկնաբանելով առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների 39,4%-ով կրճատումը՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը օրերս նշում էր, թե մեկ-երկու խոշոր ներդրումային ծրագրերի ավարտը կարող է էապես փոխել վիճակագրությունը։

Ներդրումների կրճատումը իրականում պայմանավորված է մի քանի խոշոր ծրագրերի, մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի կառուցման, հեռահաղորդակցության ոլորտում «Օրանժ Արմենիայի» և մյուս օպերատորների ներդրումային ծրագրերի ավարտով։ Սակայն բարենպաստ գործարար միջավայրի պայմաններում ներդրումային խոշոր այս ծրագրերին կարող էին փոխարինել ուրիշները՝ կանխելով ներդրումների նման կրճատումը։

Ներդրումների ծավալի կրճատումը խոսում է այն մասին, որ Հայաստանում ոչ միայն նպաստավոր չէ ներդրումային միջավայրը, այլև թույլ են դիվերսիֆիկացված ներդրումային ուղղությունները։

Այս տարվա ինը ամիսներին տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 19,46%-ը, և ուղղակի ներդրումների 34,13%-ը ուղղվել են հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտ։ Ուղղակի ներդրումների 22,23%-ն իրականացվել է հեռահաղորդակցության, իսկ 10,93%-ը՝ անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտներում։

Անկախությունից հետո Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ավելի քան 42%-ը կատարած Ռուսաստանն այս տարվա ինն ամիսներին կտրուկ կրճատել է ներդրումների ծավալը։ Հունվար-սեպտեմբերին ռուսական օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 71,1%-ով՝ կազմելով $82 մլն, ուղղակի ներդրումների ծավալը նվազել 79,9%-ով՝ մինչև $53,6 մլն։ Ռուսական ներդրումների կրճատման հիմնական պատճառն այն է, որ հիմնային մետաղների արտադրությունում կատարած ներդրումները կրճատվել են 46,4 անգամ, էներգետիկ ոլորտի ներդրումները պակասել ավելի քան 3 անգամ։

Ֆրանսիական ուղղակի և օտարերկրյա ներդրումները այս տարվա ինն ամիսներին կրճատվել են 55,2%-ով՝ կազմելով 34,5 մլն։ Ներդրումները կրճատել է «Օրանժ Արմենա» ընկերությունը. հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ծավալը կրճատվել է 3,7 անգամ։

Հայաստանի տնտեսությանը չեն վստահել նաև ԱՄՆ-ի ներդրողները։ Միացյալ Նահանգներից օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 71,2%-ով՝ կազմելով $7,8 մլն։ Ուղղակի ներդրումները նվազել են 85,7%-ով՝ մինչև $2,5 մլն։