Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհան` Հրանտ Դինքի մահվան պատճառ

Հրանտ Դինքը սպանվել է «Սաբիհա-Խաթումի գաղտնիքը» հոդվածի հետևանքով, գրում է Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախկին նախագահ Նուրի Քայըշը:

Նրա «Մահվան հանգեցնող հոդվածներ» գրքում պատմվում է Թուրքիայի 11 լրագրողների պատմությունը և ներկայացվում, թե կոնկրետ որ հոդվածն է նրանց մահվան պատճառ դարձել:

Հեղինակը գրում է, որ Հրանտ Դինքն ազատորեն և անկաշկանդ խոսում էր 1915թ. իրադարձությունների մասին և «Ակօսում» այնպիսի հոդվածներ հրատարակում, որոնք դուրս էին պաշտոնական թեզերի շրջանակից:

2004թ. փետրվարի 6-ի համարում Դինքը գրում է, որ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենը հայուհի է, որին Թուրքիայի առաջին նախագահը որդեգրել է, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր ծնողազուրկ երեխաներ հայտնվել էին որբանոցներում: Դինքի պնդմամբ` փոքրիկ հայուհու անունը Խաթուն Սեբիլջյանն է եղել, որի հարազատները բնակվում են Հայաստանում: Հատկանշական է, որ հոդվածի հրապարակումից հետո հետապնդումներ սկսվեցին Դինքի նկատմամբ, իսկ Թուրքիայի զինված ուժերը պարզաբանումներ պահանջեցին նրանից:

Սաբիհա Գյոքչենը առաջին թուրք կին ռազմական օդաչուն է: Նա համարվում է թուրք կնոջ իդեալական կերպար:

Մեկնաբանել